Վերջին շրջանում զգալի ավելացել են զեղծարարության դեպքերը։ Զեղծարարները սկսել են կիրառել նոր ավելի քողարկված տարբերակներ՝ ներկայանալով որպես փոստային, առաքման ծառայությունների, սպասարկման ոլորտի կամ որոշ գերատեսչությունների աշխատակիցներ։ Սակայն, նրանց հիմնական նպատակը չի փոխվել․ նրանք խաբեությամբ փորձում են ստանալ հաճախորդ քարտային տվյալներ, բջջային հեռախոսին ուղարկված մեկանգամյա ծածկագիր կամ հասանելիություն հաշիվներին։
Հաշվի առնելով վերոնշյալը` Արդշինբանկը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ իր հաճախորդներին զեղծարարությունից զերծ պահելու համար, մասնավորապես.
◾ ներդրվել է եռաշերտ պաշտպանության համակարգ, որն ապահովում է հաճախորդի նույնականացումը ֆինանսական գործարք կատարելուց առաջ, այդ թվում` հաճախորդի հեռախոսահամարին հատուկ ծածկագրի ուղարկումով,
◾ Մոբայլ բանկինգի համակարգում նախահաստատված էլեկտրոնային սարքավորման/ հեռախոսի փոփոխությունը այսուհետ հնարավոր է միայն հաճախորդի նույնականացումից հետո:
Սակայն զեղծարարության դեմ պայքարում Բանկի կողմից իրականացված միջոցառումներն ապարդյուն են, եթե հաճախորդների կողմից չեն պահպանվում անվտանգության և զգոնության կանոնները, և տվյալները հասանելի են դառնում երրորդ անձանց։ Ուստի ևս մեկ անգամ հիշեցնում ենք.
Ոչ ոք (այդ թվում Բանկի աշխատակիցը) որևէ պարագայում իրավասու չէ Ձեզանից պահանջելու ստորև նշված տեղեկատվությունը.
◾ Մոբայլ բանկինգ համակարգի մուտքի կամ այլ տվյալներ (օրինակ՝ վարկային քարտի PIN-եր, գաղտանաբառեր և այլն),
◾ SMS-ով ստացված OTP (մեկանգամյա գաղտնաբառ),
◾ Ձեր քարտի համարը, վավերության ժամկետը և CVV կոդը։
Ի հավելումն վերոգրյալի՝ ստորև ներկայացնում ենք դեպքեր, երբ պետք է ցուցաբերել առավել զգոնություն․
◾ Անծանոթ հաղորդագրություններ (SMS, Viber, WhatsApp, Telegram, և այլն.), էլեկտրոնային նամակներ, հատկապես եթե․ Ձեզ խնդրում են տրամադրել կամ հաստատել անձնական տեղեկատվություն` ներառյալ Մոբայլ բանկինգ համակարգի մուտքի կամ այլ տվյալներ (օրինակ՝ վարկային քարտի PIN, գաղտանաբառ և այլն):
◾ Զանգեր անծանոթ հեռախոսահամարներից, հատկապես եթե․ Ձեզանից պահանջում են տրամադրել անձնական տվյալներ կամ SMS-ով ստացված OTP (մեկանգամյա գաղտնաբառ):
◾ Էլեկտրոնային նամակներ, հատկապես եթե․ Ձեզանից պահանջում են լրացնել նամակին կցված ձևը/փաստաթուղթը։
◾ Հավելվածներ կամ հղումներ, հատկապես եթե․ վստահ չեք, որ դրանք իրական են:
Եթե կասկածում եք, որ դարձել եք զեղծարարության կամ խարդախության զոհ, անմիջապես զանգահարեք +374 12 22 22 22/60 655 000 հեռախոսահամարով: Վարկային քարտով խարդախության դեպքում կարող եք նաև արգելափակել Ձեր քարտն անմիջապես Մոբայլ բանկինգ համակարգում։