Արդշինբանկը սույն թվականի սեպտեմբերի
14-ին Վանաձորում կայացած «VMF Վանաձորի կիսամարաթոն 2025»-ի գլխավոր
հովանավորն էր: Այս մարաթոնը բարեգործական է՝ նվիրված Վահե Մելիքսեթյանի հիշատակին, ով ԵՊԲՀ կլինիկական
ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս էր, ֆարմակոլոգ, գիտնական։ Վահե Մելիքսեթյանը զոհվել է 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ։

Կիսամարաթոնի նպատակն առողջ ապրելակերպի խթանումն է, Վանաձորում և Հայաստանի մարզերում
սպորտային մշակույթի տարածումն ու երկրի սպորտային տուրիզմի զարգացումը։ Վազքի մրցություններն
անցկացվեցին 5, 10 և 21 կմ հեռավորություններում, մարաթոնին մասնակցեցին շուրջ 400
տարբեր տարիքի և ֆիզիկական պատրաստվածության վազորդներ՝ 8 երկրներից, այդ թվում՝ Վրաստանից,
Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից։ Կիսամարաթոնի շրջանակում կայացավ նաև 1 կմ մանկական
վազքի մրցույթ։
«Բանկը մեծ կարևորություն է տալիս առողջ ապրելակերպի և սպորտի խթանմանը։ Մենք ոչ
միայն հովանավորեցինք, այլև մասնակցեցինք մարաթոնին, բանկի աշխատակիցներից մի քանիսը
ևս միացան վազորդներին։ Կիսամարաթոնը դարձավ ոչ միայն մեծ սպորտային իրադարձություն,
այլև նպաստեց դրական մթնոլորտի ձևավորմանը, թիմային ոգու և փոխհամագործակցության ամրապնդմանը»,
նշված է բանկի հաղորդագրությունում։
Կիսամարաթոնի ամենալուսավոր պահն էր, երբ 21,1 կմ վազքատարածությունը հաղթահարած
մասնակիցներից մեկը վերջնագիծը հատելուց հետո ամուսնության առաջարկություն արեց մրցավազքին
մասնակցած իր ընտրյալին։