-Տարբեր վարկանիշային աղյուսակներում Արդշինինվեստբանկը պատվավոր հորիզոնականներում է: Հատկապես, ո՞ր հարցերն են ձեզանից առաջնահերթային ուշադրություն պահանջում:
-Մենք միշտ առաջիններից մեկն ենք եղել բանկային համակարգում երկար տարիներ և շարունակում ենք պահպանել առաջատարի մեր դիրքերը տարբեր ցուցանիշների գծով: Օրինակ, ունենք BA2 վարկանիշ միջազգային հեղինակավոր Moody's վարկանիշավորող գործակալության կողմից: Հայկական ինֆորմացիոն գործակալությունները նույնպես տարբեր վարկանիշային աղյուսակներ են թվարկում, այսպես. անցած տարի "Արմինֆո" լրատվական գործակալության կողմից սահմանված երկու վարկանիշներով Արդշինինվեստբանկն առաջին տեղն է գրավել, առաջինը` Արտարժույթի շուկայում Գանձապետական ծառայությունների մասով, և երկրորդը` Խոշոր բիզնեսի ֆինանսավորման համար: Երկուսի դեպքում էլ վարկանիշի կարևորությունն այն է, որ մեզ գնահատել են մեր մրցակից բանկերը և մենք ութ նոմինացիաներից երկուսում զբաղեցրել ենք առաջին տեղը: Դա, իհարկե, մեզ ոգևորում է և ցույց է տալիս, որ մենք շուկայում, իսկապես, ունենք կայուն և լավ դիրքեր, ինչպես մեր մրցակիցներն են մեզ գնահատում:
Ի դեպ, 2009թ. Money Gram դրամական փոխանցումների համակարգը Արդշինինվեսբանկին ճանաչել է լավագույնը ՀՀ բանկային համակարգում:
Կապված անցած տարվա ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, բանկերում որոշ լարվածություն է ստեղծվել` տարբեր ցուցանիշների առումով: Օրինակ, անցած տարվա ընթացքում տեղի ունեցավ այսպես կոչված "վատորակ" վարկերի քանակական աճ: Այդ երևույթը նկատվեց բոլոր բանկերի մոտ, բայց բարեբախտաբար, թե մեր բանկը, և թե բանկային համակարգն ամբողջությամբ, կարողացան այդ դժվարին իրավիճակից պատվով դուրս գալ: Դրանում նաև մեծ դեր խաղաց Կենտրոնական բանկի վարած ճիշտ դրամավարկային քաղաքականությունը:
-Ինչպիսի± ցուցանիշներ ունի բանկն առաջին եռամսյակի կտրվածքով:
-Մեր բանկը շարունակել է առաջին եռամսյակի ընթացքում գրավել վերին հորիզոնականներ` կապիտալի մեծությամբ, մենք երկրորդն ենք, զուտ շահույթով և ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդների մասով` երրորդը, իսկ ակտիվներով` չորրորդը: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, որովհետև ապացուցում են թե ինչպիսի մեծ վստահություն կա բնակչության կողմից մեր բանկի հանդեպ: Ես հպարտությամբ փաստում եմ, որ Արդշինինվեստբանկն այսօր ՀՀ բանկային ոլորտի առաջատար հնգյակի մեջ է: Սակայն, այս ցուցանիշները մասամբ մեզ չեն գոհացնում, քանի որ որոշ առումներով բանկը զիջել է իր դիրքերը, ինչը մեծապես կապված էր մեր որդեգրած պահպանողական վարկային քաղաքականության հետ, որը մենք վարում էինք կապված Հայաստանում, և ընդհանրապես աշխարհում ստեղծված ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով: Այդ իսկ պատճառով վարկային պորտֆելի որոշակի նվազման միտումներ գրանցվեցին բանկում, որը այս տարվա ընթացքում հաղթահարել ենք բարեբախտաբար: Մասնավորապես, երկրորդ եռամսյակում մենք շեշտակի աճ ունենք մեր վարկավորման ծավալների առումով:
-Մի պահ, կարծես թե, բանկերն ունեին արտաքին ռեսուրսների թանկացման և ներգրավման բարդացման խնդիր: Ինչպիսի± իրավիճակ է այսօր:
-Իրականում արտաքին ռեսուրսների ներգրավման դժվարությունները կարծես թե արդեն վերացել են: Անցած տարի մենք ռեսուրսներ ենք ներգրավել արտաքին երկու աղբյուրներից: Նույնիսկ ճգնաժամի ամենալարված ժամանակաշրջանում` 2009թ. մարտին, մեր բանկը կարողացավ ամերիկյան "World Business Capital" վարկային կազմակերպությունից ներգրավել 10 մլն. դոլարի չափով վարկային ռեսուրսներ` փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորմանն ուղղելու համար: Հետագայում, այլ կոմերցիոն բանկերից նույնպես ներգրավեցինք ռեսուրսներ, մասնավորապես` լիբանանյան "Բիբլոս" բանկից: Այս տարի մարտին ևս 10 մլն դոլարի պայմանագիր կնքեցինք Նավթարտահանող երկրների միության (OPEC) Միջազգային զարգացման ֆոնդի (OFID) հետ: Կա ևս 10մլն. դոլարի ռեսուրս` բավական մատչելի տոկոսներով և այն կուղղենք նորից փոքր և միջին բիզնեսի, հիմնականում` վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորմանը:
Ուրախալի փաստ է, որ աճում են մեր ֆիզիկական անձանց կողմից ներգրավված ժամկետային ավանդները, ինչն ավելի խրախուսելի է: Վերանայելով մեր քաղաքականությունն այս ոլորոտում, մենք մի փոքր բարձրացրել էինք դրամական ավանդատեսակների տոկոսադրույքները, իսկ, ահա արտարժույթային ավանդների տոկոսադրույքների նվազեցում ենք կատարել: Ի դեպ, այս պահին արտարժութային ավանդային տոկոսների նվազման քաղաքականություն իրականացնում են նաև այլ հայկական բանկեր:
-Բնակչության համար ինչպիսի± վարկային պորտֆելներ ունի բանկը:
- Բնակչությանը առաջարկում ենք վարկային նոր ծրագրեր: Բանկում ստեղծվել է նոր ստորաբաժանում, որը կոչվում է "Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտ", որը պետք է ավելի զարգացնի մանրածախ բիզնեսը, որի մեջ մտնում է ինչպես ավանդների ներգրավումը, մասնավոր դրամական փոխանցումները, տարաբնույթ բանկային ծառայությունները, վարկային տարբեր փաթեթներ, քարտային վարկային ծառայություններ (ARCA, VISA և MASTER քարտերով): Կախված աշխատավարձի չափից, ինչպես նաև մեր և աշխատատուի համագործակցության խորությունից, տրամադրվող օվերդրաֆտը կարող է լինել 50 տոկոսից մինչև աշխատավարձի եռապատիկի չափով: Մենք տրամադրում ենք նաև ոսկու գրավով վարկեր: Չնայած, առայժմ ձեռնպահ ենք մնում սպառողական վարկերի տրամադրումից, բայց արդեն սկսել ենք ավտովարկավորում` այս ոլորտում համագործակցելով Հայաստան ավտոմեքենաներ ներկրող հեղինակավոր ընկերությունների հետ:
-Ճի±շտ են արդյոք այն խոսակցությունները, թե Արդշինինվեստբանկը արտասահմանյան բորսայում ցուցակվելու մտադրություն ունի: Այս համատեքստում հայաստանյան կապիտալի շուկայի զարգացումների վերաբերյալ ձեր գնահատականները` հատկապես, որ որոշ ժամանակ առաջ կապիտալի տեղական շուկայում գրանցվել է բանկի պարտատոմսերի հետգնում:
-Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից առաջ Արդշինինվեստբանկը հայտարարել է միջազգային բորսաներում ցուցակվելու իր մտադրության մասին, սակայն ճգնաժամն իր շտկումներն արեց և փոխեց մեր բանկի քաղաքականությունն այդ ուղղությամբ, քանի որ ճգնաժամի պայմաններում որևէ բանկի ցուցակումն օտար բորսաներում չի կարող հետաքրքրություն առաջացնել: Կարծում եմ, որ առայժմ այդպիսի պլանները պետք է հետաձգվեն և Արդշինինվեստբանկի կառավարման օղակները և թիմը կարծում եմ չեն սխալվել նման որոշում կայացնելով: Իսկ բանկի պարտատոմսերի հետգնման առումով ասեմ, որ դրանք մեկ տարվա ժամկետով թողարկված պարտատոմսեր էին և դրանց ետգնումը բնական գործընթաց է: Կարծում եմ` դա ժամանակին արված լավ գործողություն էր և ժամանակին էլ ավարտված:
-Արդշինինվեստբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է նաև վճարած հարկերի ծավալով. 2009 ֆինանսական տարվա արդյունքներով 19-րդն էր 300 խոշոր հարկատուների շարքում:
-Այո, Արդշինինվեստբանկը խոշոր հարկատուների ցանկում է և 2009թ.-ի արդյունքներով 19-րդ հորիզոնականում էր: Դա վկայում է նաև բանկային համակարգի պարտաճանած հարկատու լինելու փաստը, ինչպես այլ բանկեր, մենք ևս պարտաճանաչ հարկատուներ ենք, և կատարում ենք հարկային և սոցիալական մեր պարտավորությունները: Մենք պետք է լինենք լավ և պարտաճանաչ հարկատուներ, որպեսզի մեր երկրի տնտեսությունը ընդհանուր տնտեսական զարգացումները գրանցեն ավելի լավ ցուցանիշներ, ինչպես նաև լուծվեն բազմաթիվ սոցիալական խնդիրներ: Մեր հարկերով մենք պետք է օգնենք, որ պետությունը և° սոցիալական, և° կրթական, և° մշակութային, և° ռազմական և այլ հոգսեր կարողանա հոգալ: Հենց այդ գիտակցելով էլ առաջնորդվում ենք լինելով միշտ պարտաճանաչ հարկատու ենք և ուրախ, որ զբաղեցնում ենք բարձր հորիզոնականներ նաև խոշոր հարկատուների ցուցակում:
-Ինչպես եք գնահատում հարկային համակարգի վերջին երկու տարիների բարեփոխումների ընթացքը:
-Համակարգի բարեփոխումների վերաբերյալ վերջին տարիներին և, մասնավորապես, վերջին ամիսներին շատ է խոսվում և կարծում եմ, որ երկիրը այս առումով զարգանում է ճիշտ ուղղությամբ, քանի որ հարկային բարեփոխումներն ու վարչարարության բարելավումը տանում են նրան, որ հարկային բեռը սկսում է ավելի հավասարաչափ բաշխվել հարկատուների վրա, իսկ հարկային վարչարարությունն իր հերթին նպաստում է երկրի տնտեսության զարգացմանը: Հարկային վարչարարության բարելավման ընթացքում կիրառվող հավասարության սկզբունքը նպաստում է ինչպես երկրի ամբողջ տնտեսության, այնպես էլ նեղ ֆինանսական սեկտորի զարգացմանը: Որքան խիստ և թափանցիկ վարչարարություն արվի հարկային դաշտում, այնքան մեր` բանկային ոլորտի ղեկավարներիս, աշխատանքը կհեշտանա, այնպես որ հարկային բարեփոխումների արդյունավետությունը զգում է նաև բանկային համակարգը:
 
 
"Հարկատու" ամսագիր ապրիլ-հունիս 2010