Նոր գլխամասային գրասենյակի բացման ժամանակ համոզմունք հայտնեց բանկի վարչության նախագահը
"Արդշինինվեստբանկի" գլխամասային գրասենյակի (նախկին քաղաքապետարանի շենքը) երեկ տեղի ունեցած հանդիսավոր բացմանը մասնակցեց Հայաստանի պետական ղեկավարության եւ բիզնեսի ամբողջ էլիտան: Խոշոր գործարարներ, նախարարներ, քաղաքապետ, բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց միացան երկրի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նորընտիր նախագահ ու գործող վարչապետ Սերժ Սարգսյանը:
Գլխամասային գրասենյակի բացման ժամանակ բանկի վարչության նախագահ Արամ Անդրեասյանը նշեց, որ "Արդշինինվեստբանկն" ունեցել է աճի բարձր տեմպեր, ինչը պայմանավորված է Հայաստանի ներքաղաքական կայունությամբ, տնտեսական զարգացմամբ եւ Կենտրոնական բանկի կողմից տարվող կոշտ քաղաքականությամբ: Նա տեղեկացրեց, որ մոտ ապագայում բանկը պատրաստվում է դառնալ բաց բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը կգնանշվեն եվրոպական բորսաներում: "Մենք ցանկանում ենք ստեղծել համահայկական բանկի գաղափարը եւ գործնականում իրականացնել "Մենք ուժեղ ենք միասին" կարգախոսը",- ասաց բանկի վարչության նախագահը:
Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը "Արդշինինվեստբանկի" նոր գլխամասային գրասենյակի բացումը նշանակալից համարեց մեր բանկային համակարգի համար: Նա ներկաներին հիշեցրեց, որ երբ 5 տարի առաջ հայտարարվեց բաց մրցույթ եւ հաղթող ճանաչվեց Կարեն Սաֆարյանը, բանկը ստեղծվեց ընդամենը 3 մլրդ դրամ ակտիվներով: Այժմ արդեն բանկի ակտիվները կազմում են 105 մլրդ դրամ: Իսկ ինչպես լրագրողներին հայտնեց Արամ Անդրեասյանը, նախատեսվում է տարեվերջին ակտիվները հասցնել 150 մլրդ դրամի:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը "փայլուն" որակումը տվեց "Արդշինինվեստբանկի" նոր գլխամասային գրասենյակին, ասելով, որ այդպիսի հզոր գլխամասային շենք չունի ոչ մի բանկ եւ որ դա խթան կլինի մյուս բանկերի համար եւս: Նախագահը նույնպես հիշեց 2003-ին կնքված նախկին "Արդշինբանկի" ձեռքբերման գործարքը, ասելով, որ դրանից շահեցին բոլորը՝ քաղաքը, քաղաքապետարանը, մասնավոր ընկերությունը, բանկը եւ նրա հաճախորդները:
ԱԶԳ օրաթերթ 05.04.08