Հիմնանորոգումից հետո բացվեց "Արդշինինվեստբանկ"-ի գլխավոր գրասենյակի նոր շենքը

Երեւանում հիմնանորոգումից հետո հանդիսավորությամբ բացվեց "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ գլխավոր գրասենյակի նոր շենքը Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը "Սա այն դեպքն է, որ գործարքից, որի շուրջ մենք այն ժամանակ պայմանավորվել էինք, բոլորը շահեցին: Շահեց քաղաքապետարանը` ունենալով շատ փայլուն ու տպավորիչ շենք, շահեց Երեւան քաղաքը` ունենալով երկու գեղեցիկ շենք, շահեց նաեւ մասնավոր ընկերությունը, շահեց բանկը: Իսկ 105 միլիարդ դրամ ակտիվ ունեցող բանկն աշխատում է հազարավոր քաղաքացիների հետ` վարկավորելով նրանց բիզնեսը, տրամադրելով սպառողական վարկեր կամ աշխուժացնելով առեւտուրը Մի գործարք էր, որից շահեցին բոլորը",– բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նկատեց Ռ. Քոչարյանը: Շենքի վեց հարկերում շրջելուց հետո նախագահի տպավորությունները, իր իսկ գնահատմամբ, փայլուն էին: "Այսպիսի հզոր գլխամասային շենք, երեւի դեռեւս ոչ մի բանկ չունի: Սա մրցակցային բավականին լուրջ շարժառիթներ կդրսեւորի այլ բանկերի մոտ գլխամասային ու մասնաճյուղերի այսպիսի շենքեր ունենալու առումով: Սա բավականին խթանելու է այս համակարգը",–կարծում է երկրի ղեկավարը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքերով, բանկային համակարգի կյանքում նշանակալի օր է, քանի որ պարզ դարձավ, որ Հայաստանում կարող են իրագործվել այնպիսի գործարքներ, որոնք բնորոշ են եվրոպական զարգացած երկրներին: "«Իշխանությունների գործողությունները պետք է լինեն օպերատիվ, պետք է կիրառվեն այնպիսի գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս բանկի հաճախորդներին չզգալ ֆինանսական ճգնաժամի բարդությունները: Այդպիսի միջոցառում մենք իրականացրեցինք հինգ տարի առաջ, երբ հայտարարվեց բաց մրցույթ նպաստավոր պայմաններ ստեղծելով "Արդշինբանկի" հաճախորդների համար",–հիշեց ԿԲ–ի նախագահը: Պաշտոնյան ավելի քան խոսուն է համարում թվերը. 2003 թվականին վաճառքի է հանվել 3 մլրդ դրամ ակտիվներ ունեցող կառույց, որն այսօր արդեն ունի 105 մլրդ ակտիվներ: Նրա գնահատմամբ, "Արդշինինվեստբանկ"-ը կարող է հպարտանալ ունեցած ցուցանիշներով, քանի որ բանկային համակարգում իր ակտիվներով առաջին տեղն է զբաղեցնում:
Տեղեկացնենք, որ 1950–ական թվականերին կառուցված շենքն ամրացվել է, եւ ներկայում ունի մինչեւ 9 բալ սեյսմակայունություն: Շենքն ավելացվել է երկու հարկով` միաժամանակ պահպանելով ճակատային մասի ճարտարապետական ոճը:
Ճակատային մասի ճարտարապետական լուծումները գտել է ճարտարապետ Սարգիս Գուրզադյանը: "Արդշինինվեստբանկ"-ի խորհրդի նախագահի տեղակալ Խաչատուր Զաքարյանի տեղեկացմամբ, երկու տարի տեւած շինարարական աշխատանքների արժեքը 3 մլրդ դրամ է, ամբողջ ծրագրի արժեքը` 5 մլրդ: Ըստ նրա` բանկը երկրի առաջատար բանկերի առաջին եռյակում է, եւ մյուսներին գերազանցում է աշխատակիցների ու մասնաճյուղերի թվով:
"Արդշինինվեստբանկ"-ն ընդգրկված է խոշոր հարկատուների ցուցակում, 2007թ. բանկն ստացել է մեր երկրի բանկային համակարգի համար նախադեպը չունեցող 4 միլիարդ դրամ զուտ շահույթ, բանկի ընդհանուր կապիտալը անցած տարեվերջին եղել է մոտ 19 մլրդ դրամ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վերջում ակտիվները կազմել են մոտ 105 մլրդ դրամ, պարտավորությունները` 85 մլրդ դրամ: Ավելի քան 1000 աշխատակից ունեցող բանկն ունի 49 մասնաճյուղ հանրապետության մարզերում, 4 մասնաճյուղ` ԼՂՀ—ում եւ ներկայացուցչություն` Փարիզում:
Բանկի պատասխանատուները հավաստեցին, որ բանկը մտադիր է առաջիկայում դառնալ բաց բաժնետիրական ընկերություն`"իր հյուրընկալ դռները բացելով աշխարհասփյուռ հայերի առաջ եւ առաջարկելով դառնալ բաժնետեր":
"Բաժնետոմսերի գնանշումը կիրականացվի եվրոպական առաջատար բորսաներում",—հավաստեց "Արդշինինվեստբանկ"-ի վարչության նախագահ Արամ Անդրեասյանը` նշելով, որ ուզում են կյանքի կոչել համահայկական մեծ ու հզոր բանկի գաղափարը:

Հայաստանի Հանրապետություն օրաթերթ 05.04.08