20-րդ դարավերջի Շուշիի շրջանում գործող միակ բանկին` "Արցախբանկի" մասնաճյուղին, լրացնելու և շրջանի բնակչությանը բանկային մատչելի ծառայություններ մատուցելու նպատակ է հետապնդում "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ "Շուշի" մասնաճյուղը` խոստանալով բանկային համակարգի 21-րդ դարի գործելաոճով թարմացնել և հասանելի դարձնել դրամական բնույթի բոլոր գործառույթները, խթանել շրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը և բնակչության համար ապահովել բարձրակարգ սպասարկում: Համենայն դեպս, այս փաստն է երաշխավորում արդեն մեկ ամսից ավելի Շուշիի շրջանում գործունեություն ծավալած "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ "Շուշի" մասնաճյուղի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որը տեղի ունեցավ հունիսի 11-ին: Բացմանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը, "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ գլխավոր վարչության պատվիրակությունը` խորհրդի նախագահ Կ.Սաֆարյանի գլխավորությամբ, Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վ.Գաբրիելյանը և այլ պաշտոնյա այրեր:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ընկերության գլխավոր հաշվապահ Մանվել Սահակյանը: Նա ընդգծեց, որ բանկի հնգամյա գործունեությունը տալիս է իր արգասիքը. այսօր ընդհանուր պարտավորությունների մեծությամբ բանկը զբաղեցնում է երկրորդ, իսկ ընդհանուր կապիտալի մեծությամբ` երրորդ տեղը ՀՀ բանկային համակարգում: Բանկի ծառայություններից օգտվում են շուրջ 130000 ֆիզիկական և իրավաբանական անձինք, իսկ Արցախի 6 մասնաճյուղերը սպասարկում են ավելի քան 4500 հաճախորդի: Ընկերության հոբելյանական տարվա սկիզբը նշանավորող բանկի գլխամասային գրասենյակի շենքի բացման հաջող շարունակությունն է ԼՂՀ-ում 4 մասնաճյուղերի բացումը, որը տեղի է ունեցել հանրապետության իշխանությունների անմիջական ուշադրության և հոգածության շնորհիվ: Բանկի մուտքը երիզող խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեց ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը, որին հաջորդեց Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից օծման և օրհնանքի արարողությունը:
Բանկի "Շուշի" մասնաճյուղի երիտասարդ կառավարիչ Արմեն Հարությունյանը, որը ղեկավարում է նույնքան երիտասարդ աշխատակազմի, փաստեց, որ մասնաճյուղը կշարունակի իրականացնել վարկերի տրամադրման, ավանդների ընդունման, կոմունալ վճարների մուծման, պլաստիկ քարտերի կիրառման գործառույթներ:
Ունենալով 49 մասնաճյուղ ՀՀ-ում, այսօր արդեն 6 մասնաճյուղ ԼՂՀ-ում և մեկ ներկայացուցչություն Փարիզում, բանկն ապահովում է շուրջ 1100 աշխատատեղ, որից 70-ը` ԼՂՀ-ում: "Շուշի" մասնաճյուղում Ստեփանակերտից աշխատողներ ընդգրկելու փաստը Շուշիին բնորոշ անառարկելի երևույթ է: Այս կապակցությամբ բանկի ԼՂՀ տարածքային վարչության պետ Արսեն Միքայելյանն ուներ համոզիչ պարզաբանում.
- Աշխատողների ընտրությունը տեղի է ունեցել մրցութային պայմաններով. Շուշիի շրջանի վարչակազմի շենքում անցկացված բանկային համակարգում աշխատելու համար մրցույթին մասնակցել են 20 անձինք, այդ թվում նաև երիտասարդ շուշեցիներ, որոնք ցավոք ցուցաբերել են ցածր արդյունքներ: Այժմ նրանք փորձուսուցում են անցնում Ստեփանակերտում` մոտ ապագայում մասնաճյուղի 12 թափուր հաստիքները զբաղեցնելու նպատակով,- հավաստիացրեց նա:

ԱԶԱՏ ԱՐՑԱԽ օրաթերթ 12.06.08