Հայաստանի Կենտրոնական բանկն այս տարի կոշտացրեց դրամավարկային քաղաքականությունը գնաճը զսպելու նպատակով, նաև քայլեր է կատարում տնտեսության ապադոլարայնացման ուղղությամբ: "Կապիտալի" հետ հարցազրույցում "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ-ի վարչության նախագահի պաշտոնակատար, տնտեսագիտության թեկնածու Կարապետ Գևորգյանն ասում է, որ ԿԲ-ի կոշտ դրամավարկային քաղաքականությունն արդարացված է, որը դառնում է հակակշիռ մասնավորապես կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում իրականացվող քաղաքականությանը:
-Պրն Գևորգյան, Դուք տարիներ շարունակ ղեկավարել եք գերմանական KfW բանկի հայաստանյան ներկայացուցչությունը, ինչո՞ւ որոշեցիք աշխատել մասնավոր բանկում:
-Յուրաքանչյուր մարդ իր կյանքում օրինաչափ զարգացման փուլեր է ապրում և 1998-ին հիմնելով Հայաստանում KfW բանկի գրասենյակը և այն ղեկավարելով մինչև անցած տարվա հոկտեմբերը՝ կարծում եմ՝ ես կատարեցի իմ առաքելությունը: Ես գրասենյակն ընդունեցի 2 ծրագրով՝ 35 մլն գերմանական մարկ պորտֆելով, և 12 տարվա ընթացքում վարկային պորտֆելը հասցրի շուրջ €400 մլն-ի՝ 16 ծրագրով: Կարծում եմ՝ թե՛ անձնական, թե՛ պրոֆեսիոնալ զարգացման առումներով ինձ մոտ վերջին մեկ-երկու տարիների ընթացքում ինչ-որ լճացման պրոցես էր սկսվել, և հաշվի առնելով թե՛ իմ տարիքը, թե՛ առողջ ամբիցիաները՝ գտա, որ ես կարող եմ իմ փորձը, գիտելիքները ներդնել մասնավոր հատվածում՝ ինձ համար հոգեհարազատ ֆինանսաբանկային համակարգում:
-Դուք երկրորդ ղեկավարն եք "Արդշինինվեստբանկում", որը գալիս է միջազգային կառույցներից: Ըստ Ձեզ՝ բաժնետերերը պատրաստվում են վաճառքի հանե՞լ բանկի բաժնետոմսերը:
-Ավելի ճիշտ կլիներ այդ հարցին բաժնետերերը պատասխանեին, բայց վստահ եմ, որ բաժնետերերը չեն պատրաստվում վաճառել բանկը: Ընդհակառակը, մենք պատրաստվում ենք առկա կապիտալի բազայի հիման վրա մեծացնել թե՛ ակտիվները, թե՛ վարկային պորտֆելը և, համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ, 2011-ը դարձնել բանկի զարգացման համար բեկումնային տարի` հատկապես մանրածախ վարկավորման բնագավառում: Կարծում եմ, որ մենք կկարողանանք համակարգում վերադիրքավորվել` էլ ավելի ամրապնդելով մեր դերը որպես համակարգային բանկ: Ինչ վերաբերում է միջազգային բանկային փորձով ղեկավարի ներգրավմանը, կարծում եմ, որ այն փորձը, որը մենք կուտակել են միջազգային կառույցներում, կարող ենք կիրառել ի շահ բանկի՝ համագործակցելով մեր գործընկեր միջազգային ֆինանսական կառույցների հետ:
-"Արդշինինվեստբանկը" մասնակցում է կառավարության կողմից իրականացվող սուբսիդավորվող տոկոսադրույքներով գյուղատնտեսական վարկավորման ծրագրին: Որքանո՞վ են այս ծրագրի շրջանակում տրվող վարկերը գրավիչ գյուղացիների համար, և արդյոք բանկերի համար չեզոքացե՞լ են ռիսկերը:
-Ամենատարբեր մակարդակներով քննարկումների ընթացքում մենք հայտնել ենք մեր տեսակետը: Դրական գնահատելով այս նախաձեռնությունը՝ կարծում եմ, որ վարկերի տրամադրման ցանկալի ժամկետը առնվազն 3 տարի է՝ հաշվի առնելով մասնավորապես անասնապահության վերարտադրության ցիկլի տևողությունը: Միաժամանակ գլխավոր առավելություններից կարելի է նշել այն, որ վարկերը տրամադրվում են տեղական արժույթով, ցածր տոկոսադրույքով, և դրանց սպասարկման ռեժիմը նույնպես բավական նպաստավոր է: Մասնավորապես՝ վարկավորումն իրականացվում է 14%-ով, որից 4%-ը, իսկ հանրապետության թվով 250 համայնքներում` 6%-ը սուբսիդավորում է պետությունը: Եթե համեմատենք այս տոկոսադրույքները ներգրավվող միջոցների գնի հետ (բանկերը դրամային ավանդները ներգրավում են 10-13%-ով)՝ սրան գումարելով գյուղատնտեսության ոլորտին բնորոշ բազմաթիվ ռիսկերը, ապա պրագմատիկ առևտրային մոտեցում ցուցաբերելով՝ կունենայինք բացարձակապես այլ տոկոսադրույքներ, որոնցով գյուղացին չէր կարողանա վարկավորվել: Տոկոսադրույքներից զատ՝ կառավարությունն այս ծրագրով փորձում է գյուղացու բեռը թեթևացնել՝ նաև սահմանելով վարկերի սպասարկման արտոնյալ ժամանակացույց, որի ընթացքում, բացի մայր գումարից, չի մարվում հաշվարկված տոկոսագումարը: Խոշոր հաշվով, ելնելով այսօրվա բյուջեի դեֆիցիտի մակարդակից և հարկեր/ՀՆԱ հարաբերությունից, պետությունն իրեն, ըստ իս, առավել մեծ մասնակցություն չի կարող թույլ տալ:
-Ինչպե՞ս եք գնահատում մրցակցության ներկա վիճակը հայկական բանկերի միջև: Բանկերի մոտ մրցակցությունը ներկայում հատկապես ո՞ր պրոդուկտների մասով է նկատվում: Հնարավոր համարո՞ւմ եք առաջիկայում որոշ բանկերի միաձուլումներ կամ վաճառքներ:
-Այսօր բանկային համակարգում մրցակցությունը խիստ և կոշտ է, երբեմն նույնիսկ էթիկայի կանոններից դուրս: Պետք է պահպանել որոշակի խաղի կանոններ, որոնք, ի դեպ, սահմանված են բանկերի միության կողմից: Մրցակցությունը հատկապես թեժ է վարկավորման բոլոր ուղղություններով, առևտրի ֆինանսավորման գործիքներով, արտարժութային փոխարկումներով և իրավաբանական անձանց հաշիվների սպասարկման ոլորտներում: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, կարծում եմ, որ հաշվի առնելով մեր երկրի չափերը և առկա միջազգային ստանդարտները, իրոք Հայաստանում 21 բանկ ունենալը լուրջ "շռայլություն" է: Հետևաբար՝ առաջիկա 3-5 տարիներին չեմ բացառում հնարավոր միաձուլումները, միաժամանակ կարելի է ակնկալել նաև միջազգային ճանաչված անունների մուտքը Հայաստանի բանկային համակարգ: Կապիտալի շարժերը համաշխարհային շուկայում պայմանավորվում են ռիսկերով և շահութաբերության ակնկալվող մակարդակով, և քանի որ Հայաստանը տարածաշրջանի այլ երկրների` Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, բալթյան պետությունների համեմատ առավել լավ դիմակայեց ֆինանսատնտեսական ճգնաժամին, դա որոշակի դրական ազդակ կարող է հանդիսանալ ներդրողների համար: Կարծում եմ, որ այս իմաստով հետաքրքիր զարգացումների դեռ ականատես կլինենք:
-Վերջին ամիսներին ԿԲ-ն բավականին խստացրեց դրամավարկային քաղաքականությունը՝ մեծ քայլերով բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ինչպե՞ս կանդրադառնա սա բանկային համակարգի գործունեության վրա: Մասնավորապես՝ որքանո՞վ սա կազդի բանկերի վարկային քաղաքականության վրա, և ինչպիսի՞ն կլինի տնտեսական աճը:
-Կենտրոնական բանկի գլխավոր նպատակը գների աճի զսպումն է, և այդ տեսակետից թանկ փողերի քաղաքականությունը ԿԲ-ի կողմից հասկանալի մարտավարություն է: Ապրիլին 12-ամսյա գնաճը կազմել է շուրջ 11%, ինչն անընդունելի է, քանի որ այն բացասաբար է ազդում տնտեսությունում առկա սպասումների և ռիսկերի վրա՝ առաջացնելով սոցիալական լարվածություն, քանի որ եկամուտները գնաճին համաչափ չեն աճում: Այս իմաստով ԿԲ-ի կողմից կոշտ դրամավարկային քաղաքականությունն արդարացված է, որը հակակշռվում է մասնավորապես կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում իրականացվող քաղաքականության միջոցով` միջազգային կառույցներից ներգրավված միջոցներն ուղղելով տնտեսության իրական հատվածի վարկավորմանը: Կարծում եմ, որ արդյունքում առաջանում է որոշակի հավասարակշռություն, որը մեղմում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման ազդեցությունը վարկավորման տոկոսադրույքների վրա: Մյուս կողմից էլ՝ օրեցօր թեժացող մրցակցությունը զսպող ազդեցություն կունենա տոկոսադրույքների աճի վրա, արդյունքում եթե նույնիսկ դիտվի այդպիսի միտում, ապա այն կլինի աննշան` կտրուկ բարձրացում չի լինի: Կարծում եմ, որ այս տարին կավարտենք 4%-ին մոտ տնտեսական աճով, քանի որ տնտեսությունում ակտիվանում են որոշակի բիզնես պրոցեսներ, նկատվում է նաև մասնավոր տրանսֆերտների աճ, որի աճն առաջին եռամսյակում կազմել է ավելի քան 20%: Այս հանգամանքը նույնպես իր դրական ազդեցությունը կունենա տնտեսության աշխուժացման վրա:
-Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պետք է շարունակություն ունենա բանկերում, բայց կարծես դա տեղի չի ունենում, և ստացվում է, որ գնաճի զսպման շղթայում բանկերը չեն տանում ԿԲ-ի կուրսը: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Իսկապես, մակրոտնտեսական տեսակետից առկա է որոշակի հակասություն, այսինքն՝ ԿԲ-ի թանկ փողերի քաղաքականությունը պետք է արտացոլվեր բանկերի վարկերի տոկոսադրույքների վրա և ինչ-որ չափով նաև բերեր վարկավորման ծավալների աճի տեմպի զսպմանը: Բայց ինչպես արդեն նշեցի, դրա հակակշիռը ԿԲ-ի և կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերն են, մասնավորապես նաև վերջերս մեկնարկված գյուղատնտեսական վարկավորման ծրագիրը: Նմանատիպ ծրագրերը ծավալային իմաստով բավարարում են տնտեսության կարիքները: Կարծում եմ՝ առաջիկայում բանկերի օրակարգային հիմնական հարցերից է լինելու, թե ինչ այլ աղբյուրներից մենք կկարողանանք երկարաժամկետ և արտոնյալ ռեսուրսներ ներգրավել` տնտեսության հետագա վարկավորման շարունակականությունն ապահովելու համար: Բոլորս գիտենք, որ Հայաստանի տնտեսաքաղաքական ռիսկերը միջազգային ռեյտինգավորող գործակալությունների կողմից բարձր են գնահատվում, ինչը որպես հետևանք թանկացնում է մեր ներգրավող ռեսուրսները: Այս առումով մեր և ԿԲ-ի հիմնական խնդիրը հեդջինգային հնարավորությունների ապահովումն է, որպեսզի կարողանանք նվազագույնի հասցնել վարկային և արտարժութային ռիսկերը:
-ԿԲ-ն որոշ քայլեր է կատարել դոլարիզացիայի մակարդակի նվազեցման ուղղությամբ, բայց մյուս կողմից՝ արտարժութային շուկայում մերթընդմերթ տեղի է ունենում դրամի թուլացում, իսկ բանկերի մոտ աճել է դոլարային վարկերի ծավալը: Նման պայմաններում որքանո՞վ է իրատեսական դոլարիզացիայի կրճատումը:
-Դոլարիզացիայի մակարդակի նվազեցումը տնտեսության առջև կանգնած գլխավոր խնդիրներից մեկն է: Կարծում եմ՝ փոխարժեքի պարագայում գլխավոր հանգամանքը կանխատեսելի միջավայրի ձևավորումն է: Այսօր այն սկզբունքորեն կանխատեսելի է, և բանկերը սովոր են աշխատել այս ռեժիմներում: Տատանումներն առկա են, բայց դրանք կտրուկ չեն, հետևաբար՝ լուրջ խնդիրներ չեն առաջանում: Այս տատանումները հիմնականում սեզոնային բնույթ են կրում` կապված գյուղատնտեսության, արդյունաբերական որոշ ցիկլերի հետ: Իհարկե, դրամի արժեզրկումը նպաստում է արտահանման խթանմանը, դրանով նաև առևտրային ու վճարային հաշվեկշիռների դեֆիցիտի կրճատմանը: Սակայն մյուս կողմից էլ՝ այդ արժեզրկման հետևանքը կարող է լինել այն, որ ներկրվող ապրանքների գները ճշգրտվեն, և եթե խաղի հիմնական մասնակիցները դա արտացոլեն իրենց գնային քաղաքականության մեջ, ապա որպես հետևանք կաճեն տնտեսավարող սուբյեկտների և տնային տնտեսությունների ծախսերը` բերելով սոցիալ-տնտեսական խնդիրների, մասնավորապես` աղքատության մակարդակի ավելացման: Հետևաբար, երբ խոսում ենք դրամի արժեզրկման մասին, պետք է ի նկատի ունենալ, որ դա շղթայական ռեակցիա է ենթադրում: Կարծում եմ՝ այսօրվա փոխարժեքն արտացոլում է ներկայիս տնտեսական իրողությունը, և որքան այն կայուն և կանխատեսելի լինի, այնքան բիզնես միջավայրը դրական կլինի թե՛ բանկային համակարգի և թե՛ այլ տնտեսվարողների համար: Իսկ 1-2%-ի շրջանակներում փոքր տատանումները թույլատրելի են:
-Փոխարժեք կանխատեսելը անշնորհակալ գործ է, բայց այնուհանդերձ, ըստ Ձեզ, այս տարի միջին փոխարժեքը որքան է լինելու:
-Իմ անձնական կարծիքով՝ մինչև տարեվերջ փոխարժեքը $1-ի համար կկայունանա Դ365 ±1% մակարդակում:
-Առաջին եռամսյակում 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ "Արդշինինվեստբանկը", ևս մի քանի խոշոր բանկեր քիչ հարկեր են վճարել: Ո՞րն է խնդիրը:
-Իսկապես, մեր կողմից առաջին եռամսյակում վճարված հարկերի գումարը համեմատաբար փոքր էր, ինչը պայմանավորված է նախորդ ժամանակաշրջանում կատարված կանխավճարով: Տարվա արդյունքներով, եթե հաշվի առնենք նաև կատարված կանխավճարը, ապա բանկը ավելի շատ հարկ կվճարի՝ ելնելով մեր աճի ներկայիս տեմպերից:
-Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԴԱՀԿ-ի միջոցով հօգուտ բանկերի բռնագանձվող գումարներն աճել են ավելի քան 50%-ով: Եթե հաշվի առնենք, որ անցած և այս տարի տնտեսությունը վերականգնվել է, ինչո՞վ է պայմանավորված նման աճը:
- Սկսեմ նրանից, որ մենք դատաիրավական, հարկադիր կատարման համակարգում ունենք լրջագույն խնդիրներ, որոնք հնչեցրինք վերջերս հանրապետության նախագահի հետ կայացած հանդիպմանը: Նշված աճը հիմնականում պայմանավորված էր նախորդ տարիներից կուտակված "գործերով", քանի որ նախկինում կատարողական տեմպը բավարար չի եղել: Կարծում եմ, որ այստեղ անելիքները շատ են, մասնավորապես՝ օրենսդրության կատարելագործման, ինչպես նաև կատարողական դիսցիպլինան բարձրացնելու իմաստով:
-Կա տեսակետ, որ որոշ բանկեր դիմում են դեմպինգի: Համաձա՞յն եք այս տեսակետին:
-Ես կիսում եմ այդ տեսակետը հետևյալ իմաստով. այն, ինչ անում են բանկերը՝ առաջարկելով տարատեսակ զեղչեր և ակցիաներ, պարունակում է դեմպինգի որոշակի տարրեր: Դիտվում է հաճախորդների միգրացիա՝ այսպես կոչված "կարուսելի" սկզբունքով: Հաճախորդները պտտվում են բանկերով՝ փորձելով առավել արտոնյալ պայմաններ կորզել վերջիններից: Մինչ ճգնաժամը բանկ-հաճախորդ հարաբերությունները կարելի էր բնութագրել որպես "վաճառողի շուկա": Այսինքն՝ տնտեսությունն աճում էր, առկա էր ապրանքների, ծառայությունների զգալի պահանջարկ, և վաճառողները կոմֆորտային վիճակում էին: Ներկայում դրա հայելային հակառակ պատկերն է, և շուկան առավելապես վերածվել է "գնորդի շուկայի": Խոշոր կորպորատիվ հաճախորդները, որոնք այդքան էլ շատ չեն Հայաստանում, հաշվի առնելով բանկերի քանակը, կարողանում են կորզել առավել բարենպաստ պայմաններ: Տնտեսության տեսակետից սա առողջ միտում է, երբ տնտեսավարողը կարողանում է բանկից լավ պայմաններով միջոցներ ներգրավել: Բայց լինում են դեպքեր, որոնք աբսուրդի են հասնում, երբ մրցակիցների արտամղման նպատակով բանկն իր պրոդուկտն առաջարկում է ինքնարժեքին մոտ, երբեմն էլ դրանից ցածր պայմաններով: Սա, իհարկե, միջին և երկարաժամկետ իմաստով անհեռանկար քաղաքականություն է և կարող է ապահովել միայն ժամանակավոր "օգուտներ": Դասական իմաստով սա ակնհայտ դեմպինգ է, որը առողջ մրցակցության տրամագծորեն հակառակ բևեռն է:
-Կարծիք կա, որ Հայաստանի բանկային համակարգը որոշակիորեն խզված է տնտեսության իրական հատվածից: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս կապակցությամբ:
-Իսկապես, տնտեսության իրական և բանկային հատվածների միջև առկա է որոշ խզում` դրանց անհամաչափ զարգացման իմաստով: Դա առավել ակնհայտ է դառնում, երբ դիտարկում ենք մի կողմից` բանկերի ավելցուկային իրացվելիության մակարդակը և մյուս կողմից` տնտեսության վարկավորման պահանջարկը: Սակայն լինենք իրատես. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր հետքը թողեց բանկային համակարգի վրա, և բանկերը դարձան ավելի զգուշավոր` կիրառելով առավել կոնսերվատիվ վարկավորման պրակտիկա: Գուցե 2010թ. վարկավորման ոլորտում ռիսկերը գերագնահատվում էին, բայց ներկայումս ակնհայտորեն ավելի ադեկվատ մոտեցում է ցուցաբերվում, և արդյունքում էապես ակտիվացել է վարկավորման պրոցեսը` դատելով 2011թ. առաջին եռամսյակի արդյունքներից: Կարծում եմ, որ այս պրոցեսն օրինաչափ էր. տնտեսությունում առկա էր գերտաքացում, մասնավորապես՝ շինարարության ոլորտում, և այդ իմաստով ճգնաժամը հուշեց, որ տնտեսությունն ունի դիվերսիֆիկացման խնդիր, ունի մեկ-երկու աղբյուրից կախված չլինելու խնդիր, և այդ հիմնահարցերի լուծումը այսօր կառավարության և Կենտրոնական բանկի օրակարգում է: Մենք մեր կողմից փորձում ենք բազմազանեցնել մեր պրոդուկտները՝ շեշտադրումները կատարելով միկրո, փոքր և միջին բիզնեսի զարգացման վրա, և կարծում եմ՝ 2-3 տարի անց մեր տնտեսությունը կունենա այլ կառուցվածք: Միաժամանակ, ֆինանսական միջնորդության իմաստով վիճակը իսկապես բավարար չէ, և այս առումով թե՛ բանկերը և թե՛ կարգավորող մարմիններն անելիքներ շատ ունեն: Այսպես՝ եթե փորձենք զուգահեռներ անցկացնել այլ երկրների հետ, ապա Հայաստանում ակտիվներ/ՀՆԱ, վարկային ներդրումներ/ՀՆԱ հարաբերության մակարդակները խիստ անբավարար են: Առաջին ցուցանիշը գտնվում է 43% մակարդակի վրա, իսկ երկրորդն ընդամենը շուրջ 26% է, այն դեպքում երբ համանման զարգացող երկրներում դրանք 2-3 անգամ ավելի բարձր են: Կարծում եմ, որ այս տարի այդ ցուցանիշները որոշակիորեն կբարելավվեն, քանի որ բանկերի վարկային պորտֆելն էապես ավելի արագ է աճում, քան տնտեսությունը:
-Ինչպե՞ս եք վերաբերվում այն տեսակետին, որ ՀՀ տնտեսությունը թերվարկավորված է, ու բարձր տոկոսադրույքները հենց այդ թերվարկավորման հետևանք է:
-Տեսեք, բանկերն ասում են, որ տոկոսադրույքները նույնիսկ ցածր են, իսկ տնտեսավարողները ասում են, որ վարկերի տոկոսադրույքները պետք է միանիշ լինեն: Բայց կա մի պարզ բանաձև. պետք է հաշվի առնել փողի գինը՝ ներգրավվող միջոցների տոկոսադրույքները՝ դրան ավելացնելով "ռիսկերի գինը", բանկի գործառնական ծախսերը և, ի վերջո, բանկի մարժան, որի արդյունքում կստանանք վարկի տոկոսադրույքը: Այսօր բանկային համակարգում շահույթի մարժան այնքան է նվազել, որ այսպես շարունակվելու պարագայում կարող է առաջանալ այս ոլորտից կապիտալի արտահոսքի վտանգ՝ ներդրողների համար բանկային ոլորտի գրավչության անկման պատճառով: Հետևաբար՝ պետք է լինի որոշակի խելամիտ սահման: Համաձայն եմ, որ մինչճգնաժամային ժամանակահատվածը բանկերի և ողջ տնտեսության համար եղել է նպաստավոր, սակայն հիմա այլ փուլում ենք ապրում: Հիմա այն բանկերը, որոնք կկարողանան պայքարել այս կոշտ մրցակցային պայմաններում, կկարողանան աճել և զարգանալ: Վերջին հաշվով տոկոսադրույքների նվազումը ինքնանպատակ չէ, դրան պետք է հասնել նոր տեխնոլոգիաների ներդրման ճանապարհով` էքստենսիվ աճի և աշխատանքի արդյունավետության բարձրացման ճանապարհով:
-Դուք եղել են Հայաստանի հիփոթեքային շուկայի ստեղծման ակունքներում և նպաստել դրա զարգացմանը: Նեկայում այդ շուկան կարծես իներցիայով է առաջ ընթանում: Ո՞րն է խնդիրը:
-Երբ Հայաստանում չկար հիփոթեքային վարկավորման կուլտուրա, բնականաբար անելիքները շատ ավելի շատ էին: Մենք նախ ուսումնասիրեցինք շուկան, որպեսզի պարզենք դրա ներուժը: Այդ տարիներին տեղական և միջազգային կառույցների կողմից հնչում էին տարբեր գնահատականներ՝ սկսած $400 մլն-ից մինչև $1,5 մլրդ-ին համարժեք: 2005-2006 թթ. զարգացումները որոշակի էյֆորիա էին պարունակում` տնտեսությունը զարգանում էր երկնիշ թվերով, անշարժ գույքի գներն աճում էին, և բնականաբար մարդիկ որոշակի ժամանակային ճնշումների մեջ էին` փորձելով գնել հնարավորինս շուտ` հետագա աճից խուսափելու նպատակով: Շինարարության ներկայիս անկումը, առաջնային շուկայում առաջարկի նվազումը որոշակի զսպող հանգամանք է հանդիսանում: Միաժամանակ ճգնաժամը մարդկանց սպառողական վարքի վրա իր ազդեցությունը թողեց` նպաստելով սպառման կրճատմանն ու խնայողությունների աճին: Զուգահեռաբար Հայաստանում հիփոթեքային շուկայի զարգացման խոչընդոտ է նաև միջազգային ֆինանսական ինստիտուտների զսպվածությունը: Եթե մինչ ճգնաժամը բանկերին բավարար միջոցներ էին տրամադրվում այս վարկերի տրամադրման նպատակով, ապա ներկայում միջոցները գլխավորապես տրամադրվում են ձեռնարկատիրական վարկավորման նպատակով: Իսկ բանկերի կողմից ներքին շուկայում ներգրավված միջոցներն ավելի կարճաժամկետ ու թանկ են, հետևաբար նպատակահարմար չէ դրանք ուղղել հիփոթեքային վարկեր տրամադրելուն: Հիփոթեքային վարկավորման աշխուժացման համար, կարծում եմ, պետք է փորձել կրկին ակտիվացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ` հատկապես միջպետական խողովակով: KfW բանկից ներգրավված միջոցներն անցած տարվա կեսին արդեն ամբողջովին տեղաբաշխվել են, ներկայում սպասվում են €20 մլն-ի չափով լրացուցիչ միջոցներ: Կարծում եմ, որ այդ միջոցները կտրամադրվեն առաջիկա ամիսներին` առավել աշխուժացնելով հիփոթեքային շուկան, քանի որ վիճակն արդեն համեմատաբար կայունացել է և՛ գների, և՛ առաջարկի առումով:
Արմենակ Չատինյան, "Կապիտալ" Օրաթերթ, 17.05.2011