"Արդշինինվեստբանկում" ձեռնարկված ծառայողական քննության արդյունքում հայտնաբերվել են "Գորիս" մասնաճյուղի կառավարիչ Հովիկ Բախշյանի կողմից մասնաճյուղում կատարած խախտումները: Բանկի կողմից համապատասխան հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազությանը, որի համաձայն քրեական գործ է հարուցվել Հ. Բախշյանի նկատմամբ: Այս առնչությամբ "Առավոտը" զրուցեց "Արդշինինվեստբանկի" Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Հարությունյանի հետ:
- Ինչպե՞ս բացահայտվեցին կատարված անօրինականությունները:
- Նախ ցանկանում եմ փաստել, որ կատարվածի մասին հաղորդագրությունը հենց մեր կողմից է տրամադրվել իրավապահ մարմիններին, իսկ կատարված հանցագործությունը բացահայտվել է մեր բանկում ներդրված վերահսկողական համակարգի շնորհիվ: Բանկն ունի 55 մասնաճյուղեր Հայաստանում և Արցախում: Նման մեծ ցանցը ինքնին պարտադրում է լրջորեն վերաբերվել բանկային գործարքների անվտանգության մակարդակի բարձրացմանը: Այս նպատակով բանկում ներդրվել է վերահսկողության խստացված համակարգ, ինչն էլ թույլ տվեց բացահայտել կատարված կեղծ գործարքները: Մեր նպատակն է, ոչ միայն բարձրացնել աշխատակիցների աշխատանքային կարգապահությունը և պատասխանատվությունը, այլ նաև պահպանել և բարձրացնել հաճախորդների վստահությունը բանկի նկատմամբ":
- Նախնական գնահատմամբ, կեղծ գործարքների հետևանքով հասցված վնասը կազմել է մոտ 555 մլն դրամ: Սա կարո՞ղ է էական ազդեցություն ունենալ բանկի բնականոն աշխատանքի վրա:
- Իր գործունեության ընթացքում ոչ մի բանկ զերծ չի կարող մնալ գործառնական ռիսկերից: Մենք լրջորեն ենք վերաբերվում այս խնդրին, իսկ հաշվի առնելով մասնաճյուղային մեծ ցանցի առկայությունը, "Արդշինինվեստբանկը" ծախսելով բավականին շոշափելի գումար՝ ապահովագրվել է նման կորուստներից` անգլիական "ASL" ապահովագրական ընկերությունում, որի ներկայացուցիչը օրերս Լոնդոնից ժամանելու է Երևան: Ամենակարևոր այն է, որ կորցրած գումարի զգալի մասը փոխհատուցվելու է: Սակայն, անգամ գումարի վերականգնումը չի փոխհատուցի բանկի կրած բարոյական վնասը: Ինչ վերաբերվում է բանկի բնականոն գործունեությանը, ապա կարող եմ ասել, որ այս կորուստը ժամանակավոր ազդեցություն կունենա բանկի շահույթի մեծության վերականգնման վրա: Կորցրած գումարը կազմում է մեր բանկի ընդհանուր կապիտալի ընդամենը 2%-ը և ակտիվների մոտ 0,5%-ը: Նշեմ, որ բանկի զուտ շահույթը 2008-ին կազմել է 5,2 մլրդ դրամ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում` մոտ 1,5 մլրդ դրամ: Այս թվերը հավաստում են, որ բանկը շարունակում է մնալ ֆինանսապես կայուն: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, որոնց մենք հասել ենք նաև իրականացվող գործարքների հնարավոր ռիսկերի զսպման և կառավարման համակարգերի կիրառման շնորհիվ:
Գ. Հարությունյանի հավաստմամբ, Գորիսի մասնաճյուղում հայտնաբերված անօրինական գործարքների հետևանքով, բանկի հաճախորդներից ոչ մեկը չի տուժել:
- Որքանո՞վ է հավանական, որ բանկում հետագայում նման դեպքերը չեն կրկնվի:
- Արդեն նշեցի, որ բանկում ներդրվել է խստացված ներքին վերահսկողական համակարգ: Աշխատանքային զանցանքների կանխարգելմանը նպաստում են նաև մշտապես իրականացվող եռաստիճան ստուգումները: Այս բոլոր համակարգերի կիրառումը անհնարին է դարձնում նմանատիպ դեպքերի կրկնությունը բանկում:
"Արդշինինվեստբանկի" մինչև 2011թ. Ռազմավարական ծրագրում հստակ նշված է գործառնական ռիսկերի արդյունավետ և վերահսկելի կառավարման անհրաժեշտությունը, ինչին մենք հետամուտ ենք: Բանկում շարունակվելու են ներդրվել ռիսկերի կառավարման նոր ժամանակակից տեխնոլոգիական և ծրագրային համակարգեր, ինչի նպատակն է լինել մեր հաճախորդների վստահելի և կայուն գործընկերը՝ կյանքի բոլոր ոլորտներում":
 
"Առավոտ" օրաթերթ 20.05.09