Այս տարվա նոյեմբերի 10-ին "Արդշինինվեստբանկը" թողարկեց արժեկտրոնային պարտատոմսեր, որոնք մի շարք առումներով աննախադեպ էին։ Նախ այդ թողարկումն առաջինն էր իր ծավալով՝ ոչ մի կազմակերպություն 1,5 մլրդ դրամի պարտատոմսեր չի թողարկել։ Այնուհետեւ, ի տարբերություն այլ թողարկողների, "Արդշինինվեստբանկի" պարտատոմսերում ֆիզիկական անձանց ներդրումները համարվում են բանկային ավանդ եւ երաշխավորվում են ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, բնականաբար՝ օրենքով նախատեսված չափով։
Ի տարբերություն բանկային ավանդների, պարտատոմսերը բանկը կարող է հետգնել բանկի կողմից սահմանված գներով։ "Այսինքն, դրանք կարող են դիտվել ինչպես եկամտի աղբյուր, այնպես էլ իրացվելիության աղբյուր։ Մենք առաջինն ենք շուկայում, որ այս պայմաններն ենք առաջարկել", խոսելով պարտատոմնսերի թողարկման եւ դրանց տեղաբաշխման մասին, նշեց "Արդշինինվեստբանկի" բանկային գործառնությունների եւ դրամական հոսքերի կառավարման դեպարտամենտի տնօրեն, վարչության անդամ Կարեն Ջանինյանը։
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ "Արդշինինվեստբանկը" կողմից թողարկած 1,5 մլրդ դրամով արժեկտրոնային պարտատոմսերի շրջանառության ժամկետը 12 ամիս է, թողարկման ընդհանուր քանակը՝ 150 հազար հատ, տարեկան եկամտաբերությունը՝ 10 տոկոս, 1 պարտատոմսի անվանական արժեքը՝ 10 հազար դրամ։ "Արդշինինվեստբանկի" բանկային գործառնությունների եւ դրամական հոսքերի կառավարման դեպարտամենտի տնօրենը տեղեկացրեց, որ թողարկված ողջ ծավալը հաջողությամբ տեղաբաշխվեց ընդամենը 25 օրում՝ բաժանորդագրությունը սկսվեց նոյեմբերի 10-ին ավարտվեց դեկտեմբերի 5-ին։ Պարտատոմսերը ձեռք բերեցին եւ ֆիզիկական անձիք, եւ իրավաբանական անձիք։ Ձեռք բերողներն ընդհանուր առմամբ 152-ն էին։ 121-ը ֆիզիկական անձիք էին, 31-ը՝ իրավաբանական։ Պարտատոմսերը տեղաբաշխվեցին ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում։ Իրավաբանական անձանց մեջ ձեռք բերողները ներկայացնում են մեր տնտեսության տարբեր ճյուղերը՝ արդյունաբերության, շինարարության, առեւտրի ոլորտների ընկերությունները։ Ձեռք բերելով բանկի պարտատոմսերը, պարտատոմսերի շուկայի մասնակից այդ ընկերությունները ձեռք են բերում հուսալի եւ եկամտաբեր գործիք։ Միաժամանակ, պարտատոմսերի թողարկումն ու տեղաբաշխումը նաեւ իր նպաստն է բերում Հայաստանում արժեթղթերի երկրորդային շուկայի զարգացմանը։
Ինչպես հայտնեց Կարեն Ջանինյանը, "Արդշինինվեստբանկի" արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքով ստացված 1,5 մլրդ դրամին բանկն ավելացնելու է եւս 1,5 մլրդ դրամ եւ այդ 3 մլրդ դրամն ուղղելու է փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը։ "Պլանավորում ենք այդ վարկերը տրամադրել սկսած 13 տոկոսից, որը շուկայում բավականին ցածր տոկոս է", նշեց բանկի վարչության անդամը։
Մեր հարցին, թե ինչպիսի՞ փոփոխություններ է կրել "Արդշինինվեստբանկի" վարկավորման պայմանները նկատի ունենալով միջազգային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով առաջացող ռիսկերը, Կարեն Ջանինյանը պատասխանեց, որ ինչպես եւ մյուս բոլոր հայկական բանկերը, "Արդշինինվեստբանկն" էլ է վերանայել վարկավորման պայմանները, որպեսզի վարկերն ավելի ապահովված եւ քիչ ռիսկային լինեն։ Նրա հավաստմամբ, բանկի վարկային պորտֆելը տատանվում է 75-78 մլրդ դրամի սահմաններում։ Շարունակվում են վարկավորել տնտեսության բոլոր հատվածները, տրամադրվում են սպառողական վարկերը։ Վերադարձելիության ցուցանիշն այսօր "Արդշինինվեստբանկում", բանկային գործառնությունների եւ դրամական հոսքերի կառավարման դեպարտամենտի տնօրենի հավաստմամբ, բանկային համակարգում լավագույններից է։
Կարեն Ջանինյանը հայտնեց նաեւ, որ "Արդշինինվեստբանկը" դարձել է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ եւ դեկտեմբերի 19-ից բանկի պարտատոմսերը կարող են ազատ շրջանառվել բորսայի համապատասխան հարթակում։ Բորսայում բանկն իրականացնում է նաեւ այլ գործարքներ՝ արժեթղթերի, արտարժույթի առքուվաճառք, որոնց ծավալներով "Արդշինինվեստբանկն" առաջին եռյակում է։
"Մտադիր ենք 2009-ին, առաջին եռամսյակն ամփոփելուց հետո, նոր թողարկում անել՝ նոր պայմաններով։ Ժամկետայնությունը, տոկոսադրույքը եւ ծավալը կախված կլինի շուկայի ուսումնասիրության արդյունքներից։ Առաջին փորձը կարող եմ ասել բավականին հաջողված է։ 1,5 մլրդ դրամը մեծ ծավալ է հայաստանյան շուկայում։ Այն, որ այս ծավալը լիովին տեղաբաշխվել է, մեզ հույս է տալիս, որ 2-րդ թողարկումն էլ 2009-ին հաջողված կանցնի", ապագայի համար բանկի ծրագրերի մասին մանրամասնեց մեր զրուցակիցը։ Նրա կարծիքով, ի տարբերություն պետական պարտատոմսերի եւ ԿԲ թողարկած պարտատոմսերի շուկայի, որը բավականին ակտիվ է, կորպորատիվ պարտատոմսերի շուկան Հայաստանում զարգացող շուկա է։ Հնարվոր է, որ 2009 թվականին Բանկի կողմից թողարկվեն ավանդային սերտիֆիկատներ և ֆոնդային շուկայի այլ գործիքներ: Ջանինյանի խոսքերով, Արդշինինվեստբանկն իր մասնակցությամբ կաշխատի նպաստել Հայաստանում արժեթղթերի երկրորդային շուկայի զարգացմանը:
"Եվ ծրագրերից բացի, հաշվի առնելով մոտեցող տոները, ցանկանում եմ մեր բանկի անունից շնորհավորել բոլորի Անամորը և Սուրբ Ծնունդը, մաղթել երջանկություն, հաջողություններ և ամենակարևորը` խաղաղություն և բարեկեցություն բոլորիս ընտանիքներին", վերջում ավելացրեց Կարեն Ջանինյանը։

Ազգ օրաթերթ 26.12.08