Հայաստանում ֆինանսական շուկաները զարգացման բարենպաստ միտումներ ունեն
Միջազգային Ֆինանսական Կորպորացիան պատրաստվում է համագործակցել Հայաստանի առաջատար բանկերից մեկի` Արդշինինվեստբանկի հետ, երկրում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման և հիփոթեքային շուկայի ֆինանասավորման համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարելավման նպատակով: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտնեցին ՄՖԿ-ի և Արդշինինվեստբանկի ներկայացուցիչները` նշելով, որ Հայաստանի ֆինանսական համակարգի պատմության մեջ սա իրականացվող ամենախոշորածավալ գործարքն է:
ՄՖԿ-ն այսուհետ կդառնա բանկի 10 տոկոս բաժնեմասի սեփականատերը` ներդնելով ընդհանուր առմամբ 25 մլն. դոլար:
Բանկի բաժնեմասում ՄՖԿ-ն ներդրել է 10 մլն դոլար, իսկ 15 մլն-ն նպատակաուղղվել վարկավորմանը` 8 տարի մարման ժամկետով:
Արդշինինվեստբանկ ՓԲԸ նախագահ Արամ Անդրեասյանի խոսքերով. "Գործարքի ընդհանուր ծավալը 25 մլն. դոլար է: Այդ ծավալով միանգամյա գործարք ինստիտուցիոնալ ներդրողների կողմից Հայաստանում երբևիցե տեղի չի ունեցել: Կարծում եմ, որ ՄՖԿ-ի հետ մեր համագործակցությունը կլինի երկարաժամկետ և փոխշահավետ:
Այս ներդրման միջոցով ՄՖԿ-Ն կարող է զգալի ազդեցություն ունենալ մեր երկրի ամբողջ ֆինանսական հատվածի զարգացման վրա:
Միջազգային Ֆինանսական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցիչ Ներսես Կարամանուկյանի դիտարկմամբ, բանկի կապիտալում կատարած ներդրումը համահունչ է Հայաստանում ՄՖԿ-ի կողմից իրականացվող ռազմավարությանը, որն առանցքային ուշադրություն է դարձնում ցածր եկամուտներով անձանց կյանքի բարելավմանը և ֆինանսական ռեսուրսների հասանելության մեծացմանը: Այդ նպատակին հասնելու համար ՄՖԿ-ն համագործակցում է երկրի ֆինանսական շուկաների համար, քանի որ կատարվել է միաժամանակյա ներդրում և ձեռք է բերվել բանկի բաժնեմաս: Տրամադրվել են նաև երկարաժամկետ ֆինանսական ռեսուրսներ, որոնք կնպաստեն բանկին կառուցելու իր հիփոթեքային պորտֆելը, ինչպես նաև առավել երկարաժամկետ ռեսուրսներ` տրամադրելու փոքր և միջին ձեռնարկատիրական ընկերություններն: Մենք համագործակցում ենք մի շարք առևտրային բանկերի և ֆինանսական հաստատությունների հետ, սակայն առ այսօր նման խոշոր գործարք չէինք կնքել: Այս փաստը ցույց է տալիս, որ Հայաստանում ֆինանսական շուկաները զարգացման բարենպաստ միտումներ ունեն և այսպիսի ներդրումները առավել կխրախուսեն այդ շուկաների զարգացման ն ու կայացմանը,-նշեց Ներսես Կարամանուկյանը: ԿԲ-ի փոխնախագահ Արթուր Ջավադյանը նեջբերեց այն գործոնները, որոնք նախադրյալներ ստեղծեցին նմանօրինակ խոշորածավալ գործարք կնքելու համար:
Առաջին գործոնն այսօրվա բանկային համակարգի կայունությունն է, հուսալիությունը և թափանցիկությունը:Այնուհետև լուրջ գործոն է նաև Հայաստանի տնտեսության և բանկային համակարգի գրավչությունը միջազգային ներդրողների համար: Ինչ կբերի ՄՖԿ-ի `նման ծավալով մուտքը բանկային համակարգ.կստեղծի մրցակցության աճ, տոկոսադրույքների անկման միտման շարունակություն և նոր գործիքների ներդրումենր,- ասաց ԿԲ փոխնախագահը:
"Հայաստանի Հանրապետություն" օրաթերթ 27.12.07