ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հարկերի
և վճարների վերաբերյալ հրապարակված տվյալներով Արդշինբանկը առաջինն է հայաստանյան բանկերի
շարքում ընդհանուր հարկային մուտքերով և ընդգրկված է Հայաստանի 1 000 խոշորագույն հարկատուների
լավագույն հնգյակում։
2025 թվականի դրությամբ Արդշինբանկը դարձել է ուղղակի հարկերի գծով Հայաստանի խոշորագույն
հարկատուն՝ պետբյուջե վճարելով 38 մլդ դրամ։
Անուղղակի հարկերի և այլ հարկերի և վճարների գծով 2,2 մլդ դրամի մուտքերի ներառմամբ
Արդշինբանկի ընդհանուր հարկային վճարները կազմել են 42,6 մլրդ դրամ, ներառյալ 2,4 մլրդ
դրամ հարկային մուտքեր Արդշինինվեստբանկից, որը 2025 թվականի ապրիլի 21-ից միացել է
Արդշինբանկին։

«Այս ցուցանիշը մեզ համար առանցքային է։ Այն Արդշինբանկի հմուտ ֆինանսական կառավարման,
թափանցիկ գործունեության և երկարաժամկետ ռազմավարության իրագործման արդյունքն է։ Մենք
հետևողականորեն կատարում ենք մեր պարտավորությունները պետության հանդեպ՝ գիտակցելով,
որ հարկերը ոչ միայն պատասխանատվություն են, այլ նաև ներդրում երկրի տնտեսական կայունության,
զարգացման և ապագայի մեջ։ Սա մեր կարգախոսի ևս մեկ վառ դրսևորում է։», — նշեց բանկի Ֆինանսական տնօրեն Գարեգին Գևորգյանը։
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ
բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային,
ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի
շուրջ 580 000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 2 300-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում
ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 72
մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում
ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը
Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard &
Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Positive)) վարկանիշային
ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության
վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի
գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: