Արդշինբանկը ճանաչվել է «Լավագույն բանկը Հայաստանում» բրիտանական Euromoney
Awards for Excellence 2026 մրցանակաբաշխության ժամանակ՝ հերթական անգամ հաստատելով
իր առաջատար դիրքը Հայաստանի բանկային համակարգում։
Euromoney-ի գնահատմամբ՝ այս մրցանակը շնորհվել է Արդշինբանկին 2025 թվականի ընթացքում
գրանցած կայուն ֆինանսական արդյունքների, վարկավորման շարունակական աճի, թվային ծառայությունների
զարգացման և հաճախորդների սպասարկման որակի բարելավման համար։
Մրցանակաբաշխության ժյուրին ընդգծել է, որ Արդշինբանկը կարողացել է արդյունավետորեն
համատեղել ֆինանսական կայունությունն ու տեխնոլոգիական նորարարությունը՝ ապահովելով
շոշափելի արդյունքներ մանրածախ, կորպորատիվ և ՓՄՁ բանկինգի ուղղություններում։
2025 թվականին Արդշինբանկի վարկային պորտֆելն աճել է 30.3%-ով, իսկ հաճախորդների
թիվը գերազանցել է 580 հազարը՝ արտացոլելով բանկի կայուն աճն ու հաճախորդների շարունակական
վստահությունը։

«Այս մրցանակը մեզ համար կարևոր գնահատական է ոչ միայն ֆինանսական արդյունքների,
այլև այն ռազմավարության համար, որը հետևողականորեն իրականացնում ենք՝ կառուցելով ժամանակակից,
տեխնոլոգիական և հաճախորդակենտրոն բանկային ծառայությունների համակարգ։ Այն մեր ամբողջ
թիմի աշխատանքի, մեր հաճախորդների վստահության և գործընկերների հետ արդյունավետ համագործակցության
արդյունքն է։ Մենք շարունակելու ենք ներդրումներ կատարել նորարարությունների, թվային
լուծումների և ծառայությունների որակի բարելավման մեջ՝ ստեղծելով ավելի մեծ արժեք մեր
հաճախորդների, Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի համար», - նշել է Արդշինբանկ
ԲԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանը։
Euromoney Awards for Excellence մրցանակաբաշխությունը համաշխարհային ֆինանսական
ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից է։ Ամեն տարի այն գնահատում է աշխարհի
առաջատար ֆինանսական հաստատությունների գործունեությունը՝ հաշվի առնելով ֆինանսական
արդյունքները, ռազմավարական զարգացումը, նորարարությունները, թվային փոխակերպումը,
կորպորատիվ կառավարումը և հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակը։