Արդշինբանկ․ Հայաստանի լավագույն բանկը՝ ավելի կանաչ ապագայի ճանապարհին
2026 թվականին Euromoney միջազգային հեղինակավոր պարբերականը Արդշինբանկին ճանաչել է Հայաստանի լավագույն բանկ՝ գնահատելով Բանկի բարձր ֆինանսական արդյունքները, զարգացման հավակնոտ նպատակներն ու հաճախորդակենտրոն մոտեցումը, որոնք նպաստում են Հայաստանի տնտեսական աճի նոր փուլին։
Վարկավորման ծավալների աճը, թվային ծառայությունների զարգացումն ու սպասարկման որակի շարունակական բարելավումն ամրապնդել են Արդշինբանկի դիրքերը Հայաստանի բանկային համակարգում՝ մեծացնելով նրա դերակատարումը երկրի տնտեսության զարգացման գործում։
2025 թվականին Բանկի վարկային պորտֆելն աճել է 30.3%-ով, հաճախորդների թիվը գերազանցել է 912 հազարը, իսկ կորպորատիվ և ՓՄՁ վարկերի պորտֆելը հասել է 2.25 մլրդ ԱՄՆ դոլարի՝ 2024 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվելով։
Այս արդյունքների հետևում ավելի քան 2,300 աշխատակիցներն են, 73 մասնաճյուղերն ու ժամանակակից մոբայլ և օնլայն հարթակները, որոնք հաճախորդների համար ապահովում են բանկային ծառայությունների լայն հասանելիություն։
Հայկական բիզնեսների համար այս հնարավորություններն առավել կարևոր են, երբ դրանք զարգացման նոր հեռանկարներ են բացում։
2026 թվականին Արդշինբանկն ընդլայնել է բիզնես վարկերի ավտոմատացված օնլայն տրամադրման հնարավորությունները և վերագործարկել ՓՄՁ-ների համար նախատեսված թվային հարթակը՝ փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորումը դարձնելով ավելի հասանելի և արդյունավետ։
Միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությունը ևս ընդլայնում է բիզնեսի ֆինանսավորման հնարավորությունները։ Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Արդշինբանկի հետ զարգացնում է 100 մլն եվրոյի համագործակցության ծրագիր՝ ուղղված հայկական ձեռնարկությունների աջակցությանը։
Այս գործընկերություններն ամրապնդում են Արդշինբանկի դերը՝ որպես կապող օղակ հայկական ընկերությունների և միջազգային ֆինանսական կառույցների միջև՝ օգնելով բիզնեսներին ներգրավել անհրաժեշտ ֆինանսավորում, արդիականացնել գործունեությունն ու ներդնել նոր տեխնոլոգիաներ։
Հաջորդ կարևոր քայլը ֆինանսական այս ներուժը Հայաստանի կայուն զարգացման նպատակներին ծառայեցնելն է։
Արդշինբանկի 2025–2027 թվականների ռազմավարությամբ բնապահպանական, սոցիալական և կլիմայական գործոնները ներառվում են կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման, բանկային պրոդուկտների մշակման և վարկային պորտֆելի զարգացման գործընթացներում։
2026 թվականի ընթացքում Բանկը նախատեսում է մշակել կանաչ և կայուն վարկավորման ներքին դասակարգման համակարգ, որը կստեղծի առավել հստակ հիմքեր այս ուղղությամբ ֆինանսավորման համար։
Այս նպատակների իրականացման համար արդեն իսկ նախատեսված են կոնկրետ ֆինանսական միջոցներ։ Եվրոպական ներդրումային բանկի 100 մլն եվրոյի ֆինանսավորման ծրագրի առնվազն 10%-ը հատկացվելու է կանաչ վարկավորմանը, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության նախագծերին։
Բանկի ռազմավարությամբ նախատեսվում է նաև 2025 թվականից բնապահպանական և սոցիալական գործոնների ներառումը վարկային ռիսկերի գնահատման գործընթացում։
Այսպիսով, կայուն զարգացումը դառնում է ֆինանսավորման որոշումների կայացման կարևոր բաղադրիչ։ Դրան զուգահեռ Բանկը շարունակում է զարգացնել միջազգային համագործակցությունն ու կապիտալի շուկաներում իր հնարավորությունները, այդ թվում՝ 2026 թվականին պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ Արդշինբանկի երկարամյա համագործակցությունը ևս նպաստում է կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) շրջանակում։
Ծրագրի պահանջներին համապատասխանող ընկերությունները կարող են օգտվել տեխնիկական աջակցությունից և, կախված նախագծի համապատասխանության չափանիշներից, 10–15% ֆինանսական խրախուսումից։
Ֆինանսավորումը ներառում է էլեկտրոմոբիլների, էներգիայի կուտակման մարտկոցային համակարգերի, էներգաարդյունավետ լուծումների և լիցքավորման ենթակառուցվածքների ներդրումը՝ նպաստելով ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանն ու կայուն ներդրումների հասանելիությանը։
Այս բոլոր նախաձեռնություններն Արդշինբանկի աճին հաղորդում են ավելի լայն նշանակություն։
Թվային ծառայությունները ֆինանսավորումն ավելի հասանելի են դարձնում բիզնեսների համար, միջազգային գործընկերություններն ընդլայնում են ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունները, իսկ կայուն զարգացման սկզբունքներն ուղղորդում են դրանց նպատակային օգտագործումը։
Ֆինանսավորման այս համալիր մոտեցմամբ Արդշինբանկն աջակցում է հայկական ընկերություններին՝ իրենց հավակնոտ նպատակները վերածելու իրական ներդրումների, արդիականացման և տեխնոլոգիական առաջընթացի՝ նպաստելով Հայաստանի տնտեսական զարգացման նոր փուլին։