Արդշինբանկը մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հրավերով Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրի նվիրատուների և աջակիցների համար կազմակերպված այցելությանը՝ ծանոթանալու վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այցի ժամանակ ներկայացվեց ջրանցքի վերականգնվող հատվածների վիճակը ծրագրի սկզբից մեկ տարի անց և շինարարության հաջորդ փուլերի ժամանակացույցը։
Հիշեցնենք, որ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը հիմնադրամի առանցքային ծրագրերից է. այն 2025 թվականին «Հայրենիք հավերժություն» դրամահավաք-արշավի շուրջ համախմբեց Հայաստանի և Սփյուռքի հազարավոր նվիրատուների։ Կարևորելով ջրանցքի վերականգնման տնտեսական նշանակությունը՝ ծրագրին աջակցել է նաև Արդշինբանկը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար նվիրաբերելով 10 մլն դրամ։
Ծրագրի նպատակն է վերականգնել Սիսիան համայնքի 6 գյուղերի գյուղատնտեսական հողերի ոռոգման հնարավորությունը։ Վերակառուցման ավարտից հետո շուրջ 2,800 հեկտար հողատարածք կստանա ոռոգման հնարավորություն, իսկ 730 ընտանիք կդառնա ծրագրի անմիջական շահառու։