Արդշինբանկի AI Lab-ը դարձել է ոչ միայն տեխնոլոգիական լուծումների ներկայացման հարթակ, այլև երկխոսության միջավայր, որտեղ այցելուների փորձը, պատկերացումներն ու առաջարկները կարող են դառնալ ապագա նորարարությունների ձևավորման կարևոր բաղադրիչ։
«Մեզ համար թվայնացումը պարզապես նոր տեխնոլոգիաների ներդրում չէ։ Այն շարունակական գործընթաց է, որի նպատակը մարդկանց կյանքը հեշտացնելն է, հաճախորդների փորձառությունը բարելավելը և բանկի գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելը։ Արհեստական բանականությունը բացում է նոր հնարավորություններ՝ վերանայելու բանկային ծառայությունների մատուցման, աշխատանքային գործընթացների կազմակերպման և հաճախորդների հետ փոխգործակցության ձևերը։
Մենք համոզված ենք, որ ապագայի բանկինգը պետք է կառուցվի ոչ միայն տեխնոլոգիական հնարավորությունների, այլև մարդկանց իրական կարիքների ու սպասումների հիման վրա։ Հենց այդ պատճառով էլ ԴիջիԹեք 2026-ին որոշեցինք ստեղծել մասնակցային հարթակ, որտեղ մեր հաճախորդները, գործընկերները, աշխատակիցներն ու տեխնոլոգիական համայնքը կարող են կիսվել իրենց գաղափարներով և անմիջականորեն մասնակցել ապագայի լուծումների նախագծմանը», - նշեց Արդշինբանկի վարչության անդամ, թվայնացման և տաղանդների կառավարման գծով տնօրեն Հարություն Իսպիրյանը։
ԴիջիԹեք-ի շրջանակում Երևանի Արշակունյաց 11/1 հասցեում գտնվող Արդշինբանկի IT-հաբում հյուրընկալվել են Amazon Web Services (AWS)-ի ներկայացուցիչները։ AWS ընկերության կորպորատիվ տեխնոլոգիաների փորձագետ Մատիաս Ունդուրագայի և AWS-ի գործընկերների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են արհեստական բանականության և ամպային տեխնոլոգիաների զարգացման արդի միտումները, դրանց գործնական կիրառությունը և ազդեցությունը ծրագրային ապահովման մշակման գործընթացների վրա։
Արդշինբանկի տեխնոլոգիական թիմերը AWS-ի մասնագետների հետ մտքեր են փոխանակել նաև ոլորտի նոր զարգացումների և դրանց գործնական կիրառման հնարավորությունների շուրջ։
ԴիջիԹեք-ը տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից է, որը տարիներ շարունակ համախմբում է միջազգային ընկերություններին, ոլորտի առաջատար մասնագետներին և նորարարական համայնքին՝ ներկայացնելու տեխնոլոգիական ոլորտի վերջին զարգացումներն ու նորարարությունները։ Այս տարի միջոցառման շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արհեստական բանականությանը, դրա զարգացմանը և տարբեր ոլորտներում կիրառման հնարավորություններին։ Միջոցառմանը մասնակցել են նաև համաշխարհային տեխնոլոգիական առաջատար ընկերությունների՝ NVIDIA-ի, OpenAI-ի, AWS-ի, Dell-ի, Schneider Electric-ի և Mozilla-ի ներկայացուցիչները։