Ս․ թ․ նոյեմբերի 26-ին Արդշինբանկը և ՎԶԵԲ-ը նոր համագործակցության շրջանակներում ստորագրեցին
թվով 3 պայմանագիր՝ ընդհանուր ավելի քան 155 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորման
չափով` ուղղված երկրում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը, կանաչ
տնտեսության ֆինանսավորման ընդլայնմանը և ենթակառուցվածքների զարգացմանը։
Այս ֆինանսավորմամբ «EU4Business-EBRD» վարկային գծի շրջանակում Արդշինբանկը կդառնա Հայաստանի առաջին բանկը, որը կստանա հատուկ նպատակային վարկ՝ ուղղված բացառապես տեղահանված անձանց տնտեսական ինտեգրմանը։ Վարկը նպատակ ունի կատարելագործել ֆինանսական հասանելիությունը տեղական ՄՓՁ-ների համար, որոնք պատկանում են փախստականներին կամ ստեղծում են աշխատատեղեր փախստականների համար։ Ծրագիրը ներառում է նաև վարկի գումարի մինչև 35%-ի չափով հետվճարի (cashback) դրամաշնորհ՝ ճկուն և հասանելի պայմաններով։

Միանալով ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման (GEFF) ծրագրին՝ Բանկը ստացված միջոցները կուղղի տնտեսության ամենաարդի ոլորտներից մեկի՝ Կանաչ տնտեսության
ֆինանսավորմանը՝ միտված կլիմայական փոփոխությունների մարտահրավերների նվազեցմանը, ինչպես
նաև Հայաստանում ժամանակակից և էներգաարդյունավետ նախագծերի իրականացմանը: Այս ծրագրի
շրջանակում վարկառուները ևս կօգտվեն դրամաշնորհի հնարավորությունից։
ՎԶԵԲ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին մեջբերեց. «Արդշինբանկի հետ այս նոր ֆինանսավորումը Հայաստանի ՄՓՄՁ-ներին մեր երկարամյա աջակցության շարունակությունն է՝ ուղղված նոր ներդրումների աճին և արդիականացմանը։ Նաև առաջին անգամ է նախատեսվում բացառապես փախստականներին նպատակային աջակցություն նախատեսող բաղադրիչը, որը հնարավորություն է տալու տեղահանված անձանց և իրենց կազմակերպություններին օգտվել ճկուն հնարավորություններից՝ նպաստելով առավել կայուն և ներառական մասնավոր հատվածի ձևավորմանը»։
Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, նշեց. «Արդշինբանկի և ՎԶԵԲ-ի
հետ այս համագործակցության միջոցով ԵՄ-ն վերահաստատում է Հայաստանի կայուն և ներառական
զարգացմանն ուղղված իր առաքելությունը։ Այս ֆինանսական փաթեթը կարևոր է հայկական բիզնեսի
մրցունակության բարձրացման և բոլոր քաղաքացիների համար հավասար պայմանների ստեղծման
տեսանկյունից»։
Արդշինբանկը ՎԶԵԲ-ի երկարամյա
գործընկերն է։ Բանկը ֆինանսական համակարգի առաջատարի դիրքով, մասնաճյուղային ամենամեծ
ցանցով և մոտ 580,000 հաճախորդների բազայով շարունակում է իրականացնել կարևորագույն
դերակատարում՝ մասնավոր հատվածի զարգացման գործում։
Արդշինբանկը Հայաստանի միակ
ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB-
(Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների
կողմից շնորհված վարկանիշեր:
Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: