Բրիտանական Global Banking
& Finance Review ֆինանսական ամսագիրը Արդշինբանկը ճանաչել է 2025 թվականի Հայաստանի
լավագույն բանկը միաժամանակ չորս անվանակարգերում. լավագույն կորպորատիվ բանկ, լավագույն
բանկ կորպորատիվ և սոցիալական պատասխանատվության (CSR) ոլորտում, լավագույն փրայվիթ
բանկ և լավագույն մանրածախ բանկ։
Global Banking & Finance
Awards-ը միջազգային մրցանակաբաշխություն է, որի շրջանակում ամեն տարի գնահատվում են
ֆինանսական ոլորտի առաջատար կազմակերպությունները՝ հիմնվելով շուկայի մասնաբաժնի, նորարարական
մոտեցումների, սպասարկման որակի, հեղինակության և կայուն զարգացման ցուցանիշների վրա:

Արդշինբանկի վարչության նախագահ
Արտակ Անանյանը շնորհակալություն է հայտնել ամսագրին՝ բանկի կատարած աշխատանքի բարձր
գնահատականի համար․
«Մեր առջև դրված բոլոր խնդիրները
հաջողությամբ իրագործվել են։ Միաժամանակ չորս անվանակարգերում հաղթանակը վկայում է
մեր թիմային աշխատանքի արդյունավետության և կայուն ռազմավարության մասին։ Մեզ համար
հատկապես կարևորվում է այն փաստը, որ արդեն հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվում ենք
լավագույն փրայվիթ բանկ, և արդեն երրորդ տարին լավագույնը՝ մանրածախ բանկինգի ոլորտում։
Սա վկայում է մեր հաճախորդների և գործընկերների վստահության բարձր մակարդակի մասին։
Կորպորատիվ սեգմենտում մենք շարունակելու
ենք ընդլայնել արտադրանքների ու ծառայությունների տեսականին, բարձրացնել սպասարկման
որակը և խթանել թվայնացումը։ Առանձին ուզում եմ ընդգծել նաև ԿՍՊ ոլորտում ստացած մրցանակը,
որը շեշտում է մեր հավատարմությունը կայուն զարգացման սկզբունքներին և սոցիալական պատասխանատվությանը»։
Global Banking & Finance
Review-ի գլխավոր խմբագիր Վանդա Ռիչի խոսքով՝ լավագույն բանկերի ընտրության ժամանակ
հաշվի են առնվում ոչ միայն ֆինանսական ցուցանիշները, այլև հաճախորդների գոհունակության
մակարդակը և երկարաժամկետ վստահելի հարաբերությունների հաստատման կարողությունը։
Global Banking & Finance
Awards-ը հիմնադրվել է 2011 թվականին և ընդգրկում է ֆինանսական ոլորտի մի շարք ուղղություններ,
այդ թվում՝ բանկային գործ, կորպորատիվ և իսլամական ֆինանսներ, ակտիվների կառավարում,
հարկային ու աուդիտային ծառայություններ, ինչպես նաև միավորումներ ու ձեռքբերումներ։
***
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ
ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ,
ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն
ունի շուրջ 390.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.900-ից ավելի աշխատակիցներ։
Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝
65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։
Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես
նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն
ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3
(Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր:
Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը
մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: