ԵՆԲ-ն Արդշինբանկին կտրամադրի 100
միլիոն եվրոյի վարկ՝ Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրությունների (ՄՓՄՁ) և միջին կապիտալով
ընկերությունների ֆինանսավորմանը նպաստելու համար։
Նախաձեռնությունը նախատեսում է աջակցել շուրջ 300 հայկական ՄՓՄՁ-ների և ապահովել ավելի քան 10 000 աշխատատեղ։
ԵՄ աջակցությունը հնարավորություն է տալիս ֆինանսավորման մի մասը տրամադրելու տեղական արժույթով՝ նվազեցնելով բիզնեսի համար արժութային ռիսկը։

Այս ծրագրի շրջանակներում Արդշինբանկը Եվրոպական ներդրումային բանկի կողմից աջակցվող վարկային ռեսուրսներ կտրամադրի հայկական ընկերություններին, որոնք ձգտում են արդիականացնել իրենց գործունեությունը, ընդլայնել արտադրական հզորությունները, ներդնել նոր տեխնոլոգիաներ կամ բարձրացնել մրցունակությունը տեղական և միջազգային շուկաներում: Բացի այդ, ծրագրի 10%-ը կուղղվի կանաչ վարկավորմանը՝ էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և այլ էկոլոգիապես կայուն ներդրումների աջակցման համար։
Ֆինանսավորման մի մասը կարող է տրամադրվել տեղական արժույթով՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրություններին արժութային ռիսկերից պաշտպանելու համար: Եվրոպական միությունը աջակցում է ծրագրին դրամաշնորհային ֆինանսավորմամբ, որը կօգնի ապահովել, որ ֆինանսավորումը մնա մատչելի հայկական միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար: Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ ծրագիրը կաջակցի մոտ 300 ձեռնարկատիրությունների և կապահովի ավելի քան 10 000 աշխատատեղ։
ԵՄ դեսպան Վասիլիս
Մարագոսը մեկնաբանել է.
«Հայաստանի տնտեսական
ապագան ձևավորվելու է փոքր բիզնեսների հաստատակամությամբ և հեռատեսությամբ։ ԵՆԲ-ի
և Արդշինբանկի հետ մեր համագործակցությունը նպաստում է, որպեսզի հայկական
ՄՓՄՁ-ները ստանան այն ֆինանսական ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են վստահությամբ
զարգանալու, աշխատատեղեր ստեղծելու և ներդրումներ կատարելու ավելի կանաչ ու կայուն
տեխնոլոգիաներում։ Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման հասանելիության
բարելավումը՝ որպես հայկական տնտեսության հիմք, ԵՄ-Հայաստան գործընկերության նոր
ռազմավարական օրակարգի առանցքային ուղղություններից է»։
Արդշինբանկի
վարչության նախագահ Արտակ Անանյանը նշել է.
«Ուրախ ենք զարգացնելու
համագործակցությունը ամենահեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցներից մեկի
հետ, որի արժեքները համահունչ են մեր արժեքներին։ Այս միջոցների հաշվին նպատակ
ունենք ապահովելու երկարաժամկետ ֆինանսավորում այն բիզնեսների համար, որոնք շարժիչ
ուժ են երկրի տնտեսական աճի, նորարարության և զբաղվածության համար։ Մեր երկու
կառույցների համագործակցությունը Հայաստանի համար կարևոր քայլ է՝ բարձրորակ
միջազգային ֆինանսավորմանը հասանելիության ընդլայնման և ՄՓՄՁ-ներին ու միջին
կապիտալով ընկերություններին զարգացման, արդիականացման և գլոբալ մակարդակով
մրցակցության համար անհրաժեշտ կայուն ռեսուրսներով ապահովելու ուղղությամբ։ Վստահ
եմ, որ միասին մենք կնպաստենք Հայաստանի ավելի ուժեղ և բարեկեցիկ ապագայի
կառուցմանը»։
Եվրոպական ներդրումային բանկի
մասին
Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Եվրոպական միության երկարաժամկետ վարկավորող հաստատությունն է, որը պատկանում է ԵՄ անդամ պետություններին: Ութ հիմնական առաջնահերթությունների շրջանակում ԵՆԲ-ն ֆինանսավորում է այնպիսի ներդրումներ, որոնք նպաստում են ԵՄ քաղաքականության նպատակներին՝ խթանելով կլիմայի փոփոխության դեմ գործողությունները և բնապահպանությունը, թվայնացումը և տեխնոլոգիական նորարարությունը, անվտանգությունն ու պաշտպանությունը, համախմբվածությունը,
գյուղատնտեսությունը և կենսատնտեսությունը, սոցիալական ենթակառուցվածքները, կապիտալի շուկաների միությունը և ավելի ուժեղ Եվրոպան՝ ավելի խաղաղ և բարգավաճ աշխարհում:
ԵՆԲ խումբը, որի կազմում է նաև
Եվրոպական ներդրումային հիմնադրամը, 2024 թվականին ստորագրել է մոտ 89 միլիարդ եվրոյի նոր ֆինանսավորում ավելի քան 900 բարձր ազդեցություն ունեցող նախագծերի համար՝ խթանելով Եվրոպայի մրցունակությունն ու անվտանգությունը։
ԵՆԲ խմբի կողմից ֆինանսավորվող բոլոր նախագծերը համապատասխանում են Փարիզի կլիմայական համաձայնագրին՝ համաձայն ԵՆԲ «Բանկի կլիմայական ճանապարհային քարտեզի»։ ԵՆԲ խմբի տարեկան ֆինանսավորման գրեթե 60%-ը ուղղվում է նախագծերի, որոնք նպաստում են կլիմայի փոփոխության մեղմացմանը, հարմարվողականությանը և առողջ շրջակա միջավայրի ապահովմանը։
Շուկայի ինտեգրումը խթանելով և ներդրումները մոբիլիզացնելով՝ խումբը աջակցել է ռեկորդային ավելի քան 100 միլիարդ եվրոյի նոր ներդրումների՝ 2024 թվականին Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար, և 110 միլիարդ եվրո աճի կապիտալ է տրամադրել ստարտափների, աճող ընկերությունների և եվրոպական առաջամարտիկների համար։ Եվրոպական միության ներսում ԵՆԲ-ի ֆինանսավորման մոտ կեսն ուղղվում է համախմբման տարածքներ, որտեղ մեկ շնչի եկամուտը ցածր է ԵՄ միջինից։
Արդշինբանկի մասին
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն
մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ
մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման
ոլորտներում։ Արդշինբանկն ունի շուրջ 570,000 հաճախորդ, որոնց սպասարկում է բանկի
2,300-ից ավելի աշխատակից։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման հզոր բազմախողովակ
պլատֆորմ՝ 72 մասնաճյուղերով։
Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի
աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3
(Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր:
Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը
մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: