Ի՞նչ է «BugBounty»-ն. դա հարթակ է, որտեղ նախապես գրանցված մասնագետները ուսումնասիրում են մոբայլ բանկինգ, ինտերնետ բանկինգ և այլ թվային ծառայությունները, սիմուլացված միջավայրում անցկացվող իրական սցենարներով փորձում են հայտնաբերել խոցելի կետերը և այդպիսով օգնում կազմակերպություններին ավելի լավ պաշտպանել իրենց համակարգերը։ Արդշինբանկը ոչ միայն մասնակցեց այս կարևոր միջոցառմանը, այլ նաև հովանավորեց «BugBounty» նախաձեռնությունը։
Ինչպես նշել է ԿԲ տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության վարչության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը. «Կիբերանվտանգությունը զուտ տեխնիկական բնույթի հարց չէ: Այն ֆինանսական կայունության կարևոր բաղադրիչ է, որի մարտահրավերները հաղթահարելու համար մեծ աշխատանք է պահանջվում: Իսկ «BugBounty»-ն մի հարթակ է, որը միավորում է տարբեր ոլորտների կիբերանվտանգության մասնագետների՝ բացահայտելու առցանց համակարգերի առկա խոցելիությունները և բարելավելու դրանց պաշտպանվածությունը, համախմբվելու մեկ վայրում, փոխանակվելու փորձով և զինվելու մասնագիտական նոր գիտելիքներով»։
Արդշինբանկի տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Հրաչյա Խաչատրյանն ընդգծեց․ «Կիբերանվտանգության խնդիրները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, մենք գտնվում ենք անընդհատ թվային վերափոխման մեջ և հագեցնում ենք բանկի համակարգերը ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Այդ ամենի շնորհիվ բարելավվում է մեր հաճախորդների սպասարկման որակը։ Միևնույն ժամանակ, ի հայտ են գալիս նոր ռիսկեր, որոնց դիմակայելու համար նման միջոցառումները չափազանց արժեքավոր են։ Ստացած փորձը թույլ կտա մեզ էլ ավելի ամրապնդել մեր մոբայլ և ինտերնետ-բանկինգ համակարգերի անվտանգությունը և բարձրացնել աշխատակիցների մասնագիտական կարողությունները»։
Արդշինբանկը շարունակելու է ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ՝ ամեն օր աշխատելով անվտագության կատարելագործման ուղղությամբ, քանի որ վստահությունն ու ապահովության զգացումն ամենակարևորն են հաճախորդի և ֆինանսաբանկային յուրաքանչյուր կազմակերպության միջև հարաբերությունների ժամանակ։