Հաջողությամբ ավարտվել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (մինչև 29.11.2024թ. անվանափոխությունը՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ)՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ին միացման գործընթացը, ինչի արդյունքում 21.04.2025 թվականից ուժը կորցրած է ճանաչվել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի բանկային գործունեության թիվ 67 լիցենզիան, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի գործունեությունը դադարել է, իսկ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն պահպանել է իր գործունեությունը՝ նաև որպես «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ի իրավահաջորդը:
Միացումից հետո Արդշինբանկի և Արդշինինվեստբանկի հաճախորդները շարունակելու են սպասարկվել բնականոն կերպով, ընդլայնված՝ 71 մասնաճյուղից բաղկացած սպասարկման ցանցում: Միևնույն ժամանակ, Արդշինինվեստբանկի հաճախորդները միացումից հետո կստանան հասանելիություն Արդշինբանկի ծառայությունների լայն տեսականուն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայտարարել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ (HSBC Հայաստան) 100% բաժնետոմսերի ձեռքբերման և վերջինիս «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ վերանվանման մասին: Բանկերի միացումը թույլ կտա ձևավորել միջազգային ստանդարտներին համապատասխանող, տնտեսական ավելի մեծ ներուժ և հնարավորություններ, միջազգային մակարդակում գրավչություն և դերակատարում ունեցող, հաճախորդների իրավունքներն առավելագույնս երաշխավորող համակարգային նշանակության բանկ:
***
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: