Արդշինբանկը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում ճանաչվել է «2016 թվականի Ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»: Մրցանակը ՎԶԵԲ-ի կողմից շնորհվել է` հաշվի առնելով Արդշինբանկի կողմից 2016 թվականի ընթացքում իրականացրած առևտրի ֆինանսավորման գործարքների ծավալը:
Մրցանակը հանձնվել է Արդշինբանկի ֆինանսական տնօրեն Դավիթ Սարգսյանին սույն թվականի մայիսի 9-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ՎԶԵԲ-ի Տարեկան ժողովի և Բիզնես-ֆորումի շրջանակներում տեղի ունեցած ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ:
«Մենք բարձր ենք գնահատում ՎԶԵԲ-ի հետ մեր համագործակցությունն առևտրի ֆինանսավորման ոլորտում, ինչի շնորհիվ Բանկն ընդլայնել է իր գործունեության աշխարհագրությունն և ավելացրել առևտրի գործարքների ծավալները: Հուսով եմ, որ այս մրցանակը հիմք կհանդիսանա ՎԶԵԲ-ի հետ մեր համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման համար», - նշել է Արդշինբանկի Ֆինանսական տնօրեն Դավիթ Սարգսյանը:
«Արդշինբանկը հանդիսանում է ՎԶԵԲ-ի տեղական գործընկեր-բանկերից մեկը, և մենք ուրախ ենք, որ այն իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում Առևտրի խթանման ծրագրում: ՎԶԵԲ-ի նպատակն է Առևտրի խթանման ծրագրի միջոցով ակտիվացնել միջտարածաշրջանային առևտուրն ու նպաստել առևտրային կապերի զարգացմանը Հայաստանի և նրա առանցքային առևտրային գործընկերի միջև: Առևտրի զարգացումը տեղական տնտեսության ամրապնդման կարևոր գործոններից մեկն է», - նշել է Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Մոնղոլիայի ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ-ի տնօրեն Մայք Թեյլորը: