2013թ. հունվարի 24-ին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը տոնեց իր մասնագիտական գործունեության 4-ամյակը և արդեն չորրորդ տարին անընդմեջ պատվոգրեր շնորհեց նախորդ տարվա արդյունքներով Գրասենյակի հետ լավագույնս համագործակցած ֆինանսական կազմակերպություններին:
Նշենք, որ 2012 թվականի արդյունքներով՝ 'Արդշինինվեստբանկ' ՓԲԸ-ն ճանաչվեց որպես լավագույն համագործակցող: Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի կողմից Արդշինինվեստբանկի ներկայացուցչին փոխանցվեց 'Լավագույն համագործակցող' վկայականը, ինչը վկայում է Արդշինինվեստբանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի համագործակցության արդյունավետության բարձր մակարդակի մասին:
Պարգևատրման համար հիմք են ընդունվել մի շարք չափանիշներ, մասնավորապես պահանջների քննման ընթացքում կազմակերպության համագործակցության աստիճանը (կազմակերպության կողմից փաստաթղթերի ներկայացման արագությունը, դրանց ամբողջականությունը և կազմակերպության ներկայացուցիչների պատրաստակամությունն՝ աջակցել գործի քննությանը), քննած գործերի մեջ հաշտեցման ելքով գործերի տեսակարար կշիռը, ինչպես նաև բարի կամքի դրսևորմամբ հաճախորդների վնասների հատուցման դեպքերն այն պարագայում, երբ հաճախորդի պահանջը ենթակա էր մերժման:
Արդշինինվեստբանկը, ի դեմս վարչության նախագահ Մհեր Գրիգորյանի, միանում է Ֆինանսական համակարգի հաշտարարին գործունեության 4-ամյակի կապակցությամբ ուղղորդված բոլոր շնորհավորանքներին և միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնում վերջինիս պրոֆեսիոնալ աշխատանքի և Արդշինինվեստբանկին նման բարձր գնահատական շնորհելու համար: Հուսով ենք, որ Արդշինինվեստբանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական: