2014 թվականի նոյեմբերի 11-ին Եվրասիական զարգացման բանկի և հայկական Արդշինինվեստբանկի միջև Մոսկվայում տեղի ունեցավ վարկային պայմանագրի ստորագրում: 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային միջոցները կուղղվեն փոքր և միջին ձեռնարկությունների կողմից ՀՀ բոլոր մարզերում իրականացվող նախագծերի ֆինանսավորմանը: Հաճախորդների ընտրությունը կկատարվի ըստ ԵԱԶԲ-ի հետ համաձայնեցված չափանիշների:
Սույն ծրագրի իրագործումը կնպաստի փոքր և միջին ձեռնարկությունների կայուն զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը և զարգացմանը, մրցակցային միջավայրի բարելավմանը, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների՝ տեղական և արտաքին շուկաներում մրցունակության բարձրացմանը:
“Ես բարձր եմ գնահատում այն փաստը, որ ԵԱԶԲ-ի կողմից տրամադրված միջոցները կնպաստեն Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանն ի շնորհիվ փոքր և միջին ձեռնարկությունների համար երկարաժամկետ ֆինանսական միջոցների հասանելիության ընդլայնման: Այսօր ԵԱԶԲ-ն միավորում է իր ուժերը խոշորագույն ֆինանսական հաստատություններից մեկի հետ, որն ունի ուժեղ դիրքեր տեղական շուկայում և սպասարկում է այդ թվում փոքր, միկրո և միջին սեգմենտի հաճախորդներին: Սույն պայմանագրի ստորագրումը հանդիսանում է ԵԱԶԲ-ի և Արդշինինվեստբանկի միջև համագործակցության լավ սկիզբ, որն անշուշտ կունենա ամրապնդման և ընդլայնման միտում”,- ասաց Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:
“Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը հանդիսանում է տնտեսության ընդհանուր զարգացման կարևորագույն պայման, և մենք վստահ ենք, որ այս նախագիծը բարենպաստ ազդեցություն կթողնի այս գործընթացի վրա, - նշեց ԵԱԶԲ-ի Վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Կրասիլնիկովը, - բացի այդ, համաձայն ԵԱԶԲ-ի 2013-2017թթ.-ի ռազմավարության ՓՄՁ-ների վարկավորման նպատակով բանկային հատվածի ֆինանսավորումը հանդիսանում է Հայաստանում Բանկի ներդրումային գործունեության առաջնային ուղղություններից մեկը”:
Արդշինինվեստբանկը հիմնադրվել է 2002 թվականին: Բանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (55 մասնաճյուղ), ինչպես նաև ՓՄՁ հաճախորդների կայուն բազա: Լրացուցիչ տեղեկատվության կարող եք ստանալ՝ այցելելով www.ashib.am կամ զանգահարելով 59-04-04 հեռախոսահամարով:
Եվրասիական զարգացման բանկը հանդիսանում է միջազգային ֆինանսական կազմակերպություն՝ հիմնադրված 2006թ. Ռուսաստանի և Ղազախստանի կողմից մասնակից-պետությունների շուկայական տնտեսությունների զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճին նպաստելու և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնման նպատակով: ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարը: Մասնակից-պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը: ԵԱԶԲ-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.eabr.org: