Սույն թվականի նոյեմբերի 4-ին, Արդշինինվեստբանկի և Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) միջև ստորագրվեց թվով երկրորդ վարկային պայմանագիրը, որով կողմերը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը կհատկացնեն 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի վարկային միջոցներ: Այսպիսով, ՍԱԶԲ-ի կողմից Բանկին տրամադրված ընդհանուր վարկերի գումարը կկազմի 18 մլն ԱՄՆ դոլար:
ՓՄՁ ոլորտը հանդիսանում է Հայաստանի տնտեսության զարգացման, արտահանման խթանման և աշխատատեղերի ստեղծման համար կարևոր բաղկացուցիչ:
'Սա Արդշինինվեստբանկի և ՍԱԶԲ-ի միջև երկրորդ համագործակցությունն է, ինչը խոսում է մեր կազմակերպությունների միջև ստեղծված փոխադարձ վստահության մասին: Սույն պայմանագրով ստացված միջոցները կուղղվեն Բանկի հիմնական թիրախային խմբի` փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորմանը: Արդշինինվեստբանկը կշարունակի Հայաստանի ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված իր ռազմավարությունը՝ տրամադրելով մրցունակ պայմաններով երկարաժամկետ վարկեր',- ասաց Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:
'ՓՄՁ ոլորտի զարգացումը, մասնավորապես տնտեսության իրական հատվածում, հանդիսանում է ՍԱԶԲ-ի և Կառավարության ռազմավարական առաջնահերթությունը: Ներկա տնտեսական իրավիճակում, երբ ֆինանսական միջոցների հասանելիությունը շարունակում է մնալ սահմանափակ, տրամադրվող վարկային միջոցները կբարձրացնեն Հայաստանի ՓՄՁ ոլորտի մրցունակությունը',- ասաց ՍԱԶԲ-ի նախագահ Իհսան Ուգուր Դելիկանլին վարկային պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ:
Գործարքը հանդիսանում է ՍԱԶԲ-ի և Արդշինինվեստբանկի միջև հաջող համագործակցության շարունակություն, որը սկիզբ է դրվել 2012 թվականին ՍԱԶԲ-ի կողմից բնակարանային ֆինանսավորման նպատակով Արդշինինվեստբանկին տրամադրված վարկով:
Սկսած իր գործունեության սկզբից ՍԱԶԲ-ը Հայաստանում կատարել է 120 միլիոն եվրոյի ներդրում ՝ մեծամասամբ ուղղված ՓՄՁ հատվածի զարգացմանը:
Արդշինինվեսբանկը հիմնադրվել է 2002 թվականին: Բանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (55 մասնաճյուղ), ինչպես նաև ՓՄՁ հաճախորդների կայուն բազա: Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Facebook: www.facebook.com/ardshininvestbank կամ զանգահարելով 59-04-04 հեռախոսահամարով:
Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Թուրքիայի, Հայաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Վրաստանի և Ուկրաինայի կողմից: Բանկի գլխամասային գրասենյակը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: ՍԱԶԲ-ը խթանում է տնտեսական զարգացումը և տարածաշրջանային համագործակցությունը` իր անդամ երկրների պետական և մասնավոր հատվածի նախագծերի իրականացման համար տրամադրելով վարկեր, վարկային գծեր, երաշխիքներ, ինչպես նաև իրականացնելով ներդրումներ կապիտալում և առևտրի ֆինանսավորում: Բանկի կապիտալը կազմում է 3.45 միլիարդ եվրո: ՍԱԶԲ-ը Ստանդարտ և Փուրզ ընկերության կողմից ստացել է երկարաժամկետ 'A-' և Մուդիզ ընկերության կողմից 'A2', վարկանիշը: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.bstdb.org կամ
www.bstdb.org/news-and-events/press-releases: