2013թ. հուլիսի 15-ին ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ հրապարակեց Բանկի գործունեության կիսամյակային արդյունքները: Չնայած Հայաստանի բանկային ծառայությունների շուկայում աճող մրցակցությանը` Բանկն իր գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշների գծով շարունակեց կայուն աճ արձանագրել:
2013 թվականի առաջին կիսամյակի համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2012 թվականի նույն ժամանակահատվածի հետ հետևյալն է.
- գործառնական ծախսերի հարաբերակցությունը եկամուտներին (CIR) կրճատվել է 4.4 %-ով՝ կազմելով 47.4%,
- զուտ շահույթը կազմել է 2.1 մլրդ ՀՀ դրամ, որը 53.3%-ով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը,
- զուտ տոկոսային եկամուտն աճել է 41.6%-ով, հասնելով 6.2 մլրդ ՀՀ դրամի,
- զուտ կոմիսիոն եկամուտն ավելացել է 14.2%-ով, հասնելով 1.8 մլրդ ՀՀ դրամի,
- զուտ գործառնական եկամուտն աճել է 33.3%-ով, հասնելով 9.0 մլրդ ՀՀ դրամի:
Արդյունքում` ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ պահպանել և ամրապնդել է իր առաջատար դիրքերը Հայաստանի բանկային համակարգում:
Այսպես, 2013 թվականի 6 ամիսների համար Բանկի զուտ շահույթը կազմել է 2.1 մլրդ ՀՀ դրամ՝ ավելի քան 1,5 անգամ գերազանցելով նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը, որն ամենաբարձր աճի տեմպերից մեկն է Բանկի ողջ պատմության ընթացքում: Զուտ շահույթի աճն ապահովող հիմնական գործոններից են՝ վարկային պորտֆելի ծավալի մեծացումը, ռիսկերի կառավարման համակարգերի արդյունավետության բարձրացումն ու գործունեության ընդհանուր արդյունավետության բարձրացումը:
Հավելելով դրական ֆինանսական արդյունքը՝ Բանկը շարունակեց ռիսկերի կառավարման համակարգի ամրապնդման և գործառնական համակարգի զարգացման աշխատանքները:
Ինչպես նախկինում, Բանկն իր լայն մասնաճյուղային ցանցով ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է երկրորդ տեղը:
2013 թվականի 6 ամիսների զուտ տոկոսային եկամուտը կազմել է 6.2 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով 2012 թվականի ցուցանիշը 41.6%-ով: Բանկի բիզնեսի արդյունավետությունը հաստատող այս ցուցանիշի աճը պայմանավորված է Բանկի բիզնես-մոդելի շարունակական բարելավման հետ:
Զուտ կոմիսիոն եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 14.2%-ով՝ կազմելով 1.8 մլրդ ՀՀ դրամ: Այս ցուցանիշի գծով Բանկը շարունակում է զբաղեցնել առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում:
Զուտ գործառնական եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 33.3%-ով՝ կազմելով 9.0 մլրդ ՀՀ դրամ: Ցանկացած երկրի բանկային ոլորտում աննախադեպ աճի նման ընթացքը կապված է ակտիվների տեղաբաշխման թիրախների իրագործման հետ, ինչպես նաև ակտիվների ընդհանուր ծավալի մեջ բարձր եկամտաբերություն ունեցող ակտիվների աճի հետ (այսինքն՝ վարկավորման միջոցով շուկայում ավելորդ իրացվելիության տեղաբաշխումով):
Բանկի բիզնեսի շահութաբերության հիմնական ցուցանիշներից մեկը՝ ծախսերի հարաբերակցությունը եկամուտներին (CIR), 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 47.4%: Տվյալ ցուցանիշը 10.1%-ով գերազանցում է բանկային համակարգի նույն ցուցանիշը, որը կազմում է 57.5%: Սա վկայում է այն մասին, որ ծախսերի կառավարման խնդիրը առաջնային դեր ունի Բանկի ղեկավարության համար և գտնվում է մշտական հսկողության ներքո:
2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Բանկի ակտիվները կազմել են 233.5 մլրդ ՀՀ դրամ՝ տարեսկզբից աճելով 17.6%-ով: Ընդ որում, ակտիվների ծավալի աճին զուգընթաց, Բանկի ղեկավարության առաջնահերթություններից է ակտիվների առավելագույնս արդյունավետ տեղաբաշխումը:
Արդյունքում` 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Բանկի հաճախորդներին տրամադրված վարկային պորտֆելը կազմեց 152.1 մլրդ ՀՀ դրամ, ինչը շուրջ 13%-ով գերազանցում է 2012 թվականի տարեվերջի ցուցանիշը:
Բանկի մանրածախ հատվածի զարգացումը նպաստեց վարկային պորտֆելի կայուն աճին: Մանրածախ վարկային պորտֆելը կիսամյակի ընթացքում աճեց 12%-ով՝ կազմելով շուրջ 52 մլրդ ՀՀ դրամ, իսկ դրա տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելի մեջ կիսամյակի վերջում կազմեց 34%:
Կազմակերպություններին (կորպորատիվ հաճախորդներին) տրված վարկերի ծավալը կիսամյակի ընթացքում աճեց 14%-ով՝ կազմելով 100.5 մլրդ ՀՀ դրամ, ինչը կազմում է Բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 66%-ը:
Հարկ է նշել, որ վարկային պորտֆելի դրական աճի հետ մեկտեղ Բանկին հաջողվել է բարձր պահել ակտիվների որակը: Այսպես, 90 օրից ավելի վճարման ժամկետանցում ունեցող վարկերի (NPL) տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելի մեջ 2013թ. առաջին կիսամյակի վերջին կազմեց 2.4%:
Բանկի սեփական կապիտալը՝ ֆինանսական կայունության հիմնական ցուցանիշը, ավելացել է 7.7%-ով՝ կիսամյակի վերջի դրությամբ կազմելով 38.6 մլրդ ՀՀ դրամ:
Բանկի շահութաբերությունն ըստ կապիտալի և ակտիվների միջին մեծությունների (ROAE և ROAA) կազմել են համապատասխանաբար 11.2% և 1.9%:
Բանկի զարգացման կարևոր գործոններից է նաև միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների խորացումը: Մասնավորապես՝ 2013թ. առաջին կիսամյակի ընթացքում հաջողվեց ներգրավել լրացուցիչ 5 մլն ԱՄՆ դոլար World Business Capital-ից և 6 մլն ԱՄՆ դոլար՝ Ասիական զարգացման բանկից (ADB): Նշված միջոցներն ուղղվելու են փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:
Մեկնաբանելով հաշվետու ժամանակահատվածի արդյունքը, Բանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշել է. «Վստահ եմ, որ կայուն զարգացումը կշարունակվի նաև առաջիկայում՝ շնորհիվ Բանկի որդեգրած հաճախորդամետ քաղաքականության: Շարունակաբար աճող հաճախորդների բազան խոսում է հօգուտ այն բանի, որ Բանկը գտնվում է ճիշտ ուղու վրա»:
2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ հաճախորդների բազան կազմում է թվով 9,671 իրավաբանական անձ և 221,866 ֆիզիկական անձ, ինչը 20%-ով գերազանցում է 2012 թվականի տարեվերջի ցուցանիշը:
Նշված ամսաթվի դրությամբ Բանկի վաճառքի ցանցը կազմել է 324 կետ (ներառյալ բանկոմատները և POS-տերմինալները):
«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ ֆինանսական հաշվետվության ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ :