Արդշինինվեստբանկի առաջին թողարկման, աննախադեպ` 1 մլրդ 500 մլն ՀՀ դրամ ծավալով, արժեկտրոնային պարտատոմսերը ամբողջությամբ տեղաբաշխվեցին:
Արդշինինվեստբանկի պարտատոմսերում ներդրում են կատարել 121 ֆիզիկական և 33 իրավաբանական անձինք` ընդհանուր թվով 154 ներդրողներ, որոնցից 152-ը ռեզիդենտ, 2-ը` ոչ ռեզիդենտ:
Այս պարտատոմսերն իրենց շրջանառության ամբողջ ընթացքում ենթակա են Բանկի կողմից ետգնման` յուրաքանչյուր օրվա համար Արդշինինվեստբանկի կողմից նախապես սահմանված գնով: Ֆիզիկական անձանց ներդրումները Արդշինինվեստբանկի պարտատոմսերում երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` օրենքով սահմանված կարգով:
Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտները վճարվելու են եռամսյակային պարբերականությամբ, յուրաքանչյուր արժեկտրոնը 250 ՀՀ դրամ է: Առաջին վճարումը տեղի կունենա 2009թ. մարտի 5-ին, երկրորդ վճարումը` 2009թ. հունիսի 5-ին, երրորդ վճարումը` 2009թ. սեպտեմբերի 5-ին, իսկ չորրորդ վճարումը և պարտատոմսերի մարում տեղի կունենա 2009թ. դեկտեմբերի 5-ին:
Հաշվի առնելով առաջին թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման հաջող ընթացքը, Արդշինինվեստբանկի կողմից նախատեսվել է 2009 թվականի ընթացքում իրականացնել նաև պարտատոմսերի երկրորդ թողարկումը: