Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԾԱԶԲ) պատվիրակությունը` բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովի գլխավորությամբ, այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Արդշինինվեստբանկի Խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանի և բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՍԾԱԶԲ-ի նախագահի հատուկ խորհրդական Անատոլի Սեմենցովը, ՍԾԱԶԲ հայաստանյան տնօրեն Վարդան Արամյանը և Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի տեղեկալ, Մանրածախ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Կարապետ Գևորգյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում` Արդշինինվեստբանկին վարկային միջոցների ուղղակի տրամադրման, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման հարցեր, ինչպես նաև Առևտրի գլոբալ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում և Արդշինինվեստբանկում լիզինգային գործունեության ծավալման և ընդլայնման ոլորտներին առնչվող հարցեր: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետության տնտեսության տարբեր ոլորտներում ՍԾԱԶԲ-ի համար հետաքրքրություն ներկայացնող բնագավառներին, ինչպես նաև Արդշինինվեստբանկի ռազմավարական խոշոր հաճախորդների գործունեության զարգացմանն ուղղված ֆինանսավորման հնարավոր ուղղություններին վերաբերվող խնդիրներին:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. 'Ուրախ կլինենք համագործակցել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ, քանի որ այն հնարավորություն կտա մեզ նպաստել Հայաստանի` ինչպես փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների և հանրապետության տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող խոշոր ձեռնարկություններին զարգացմանը, այնպես էլ անցած տնտեսական դժվար իրավիճակի հետևանքների վերացմանը: Բանկը շարունակաբար զարգացնելու է համագործակցության շրջանակները միջազգային ֆինանսական կառույցների հետ` Հայաստանի շուկա դրսից ֆինանսական միջոցներ ներգրավելու և ՀՀ տնտեսության կայունությանն աջակցելու նպատակով':