Արդշինինվեստբանկը ներգրավել է հերթական նպատակային վարկը, որի միջոցներն ուղղվելու են փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը: Վարկի ներգրավման նպատակով երեկ Արդշինինվեստբանկի և Ասիական Զարգացման Բանկի միջև ստորագրվել է 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր:
Նշենք, որ կողմերի միջև, 2011թ. մարտին նույնպես ստորագրվել էր պայմանագիր Առևտրի ֆինանսավորման վերաբերյալ:
Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ 'Արդշինինվեստբանկը կարևորում է Ասիական Զարգացման Բանկի հետ փոխգործակցության ընդլայնումը: Միաժամանակ, Բանկի համար ռազմավարական առաջնահերթություն է հանդիսանում համագործակցության զարգացումը փոքր և միջին բիզնեսի հետ, որի սպասարկման և վարկավորման գործում ընդգրկված է Բանկի լայն մասնաճյուղային ցանցը: Այս և մյուս ներգրավված ֆինանսական միջոցները հնարավորություն կտան այդ նպատակային խմբին առաջարկել վարկավորման առավել գրավիչ պայմաններ':
Այս վարկային պայմանագրի շրջանակներում հատուկ ուշադրության են արժանանալու կանանց կողմից ստեղծված և ղեկավարվող ձեռնարկությունների ծրագրերը, որոնց ֆինանսավորումը հնարավորություն կտա նվազեցնել գենդերային խտրականութունը և ստեղծել հավասար մրցակցային պայմաններ տնտեսվարող կանանց համար: