2010թ. սեպտեմբերի 14-ից Արդշինինվեստբանկի գլխավոր գրասենյակը և մայրաքաղաքում գործող մասնաճյուղերը սկսելու են սպասարկել 'Զոլոտայա Կորոնա' միջազգային դրամական փոխանցումների համակարգը: Նոր համակարգը հնարավորություն կտա Արդշինինվեստբանկի հաճախորդներին կատարել արագ դրամական փոխանցումներ ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:
Արդշինինվեստբանկի մասնաճյուղերում 'Զոլոտայա Կորոնա' համակարգով ուղարկված գումարի ստացման դեպքում, ստացողից միջնորդավճար չի գանձվում, վճարում է միայն ուղարկողը: 'Զոլոտայա Կորոնա' համակարգով փոխանցման սակագինը կազմում է փոխանցվող գումարի 1,5 տոկոսը:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. 'Մենք գիտենք, թե որքան մեծ թիվ են կազմում մեր հայրենակիցները Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ այլ երկրներում, իսկ մեր Բանկի նպատակն է օգնել նրանց, իրենց հարազատներին և գործընկերներին արագ, մատչելի և վստահելի համակարգերով կատարել իրենց գումարների փոխանցումները դեպի Հայաստան: Այս ոլորտում Արդշինինվեստբանկը շարունակում է համագործակցել միայն առաջատար, հեղինակավոր, փորձառու և վստահելի ընկերությունների հետ, որոնցից մեկն էլ 'Զոլոտայա Կորոնա' համակարգն է':