“Արդշինինվեստբանկ” ՓԲԸ-ն և “Համահայկական բանկ” ԲԲԸ-ն մեկնարկում են իրենց համագործակցությունը` միտված արտահանման ներուժ ունեցող փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորմանն ու դրանց զարգացման խթանմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Այդ փոխգործակցության հիմքը դրվեց այսօր, նշված կառույցների ղեկավարների միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ:

Ողջունելով “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ-ի հետ համագործակցությունը՝ ՀՀԲ Գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը նշեց, որ լինելով ձեռնարկությունների զարգացման ֆինանսական հաստատություն, ՀՀԲ-ի սույն համագործակցությունը “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ-ի հետ փոխլրացնող է, որը կապահովի անհրաժեշտ սիներգիա և նոր հնարավորություններ արտահանման միտված երկարաժամեկտ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման համար՝ խթանելով երկրի տնտեսական աճը և ձեռնարկությունների մրցունակության բարձրացումը արտաքին շուկաներում:

pan-1 pan-2

Կարևորելով Համահայկական բանկի հետ գործընկերային հարաբերությունների հաստատումը, փաստաթղթի ստորագրման կապակցությամբ Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը մասնավորապես նշեց. “Հանդիսանալով երկրի առաջատար բանկերից մեկը` ՓՄՁ վարկավորմանն ուղղված մեր ջանքերը շարունակական են եղել և այդպիսին կլինեն նաև ապագայում: Համահայկական բանկի հետ մեր համագործակցությունն այդ բիզնես ուղղության զարգացման հերթական գրավականն է”:

Հուշագրի շրջանակներում գործընկերության նպատակն է ընդլայնել ֆինանսավորման հնարավորություններն ու ծառայությունների տեսականին այն ձեռնարկությունների համար, որոնք իրականացնում են արտահանմանը միտված երկարաժամկետ ներդրումային ծրագրեր` արդյունքում նպաստելով արտաքին շուկաներում շահառու ընկերությունների մրցակցային դիրքերի ամրապնդմանը, այդ ձեռնարկություններում նոր աշխատատեղերի ստեղծմանը և երկրի տնտեսության զարգացմանը: