Հայաստանի բանկերի միության կազմակերպած հանդիսավոր միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» լրագրողական մրցույթի հաղթողների պարգևատրումը, ինչպես նաև ամփոփվեցին տնտեսական լրագրողների վերապատրաստման սեմինարների արդյունքները: Միջոցառումն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ և խոստանում է ավանդական դառնալ:
Հաղթողներին ընտրում է հատուկ ստեղծված հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են առևտրային բանկերի և Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչներ:
Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքում Հայաստանի բանկերի միության նախագահ, Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը կարևորելով նմանօրինակ նախաձեռնությունների անցկացումը՝ նշեց, որ նաև այս կերպ փորձ է արվում նպաստել հանրության շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանը։
«Հանրության շրջանում ֆինանսաբանկային ոլորտն առավել հասկանալի և ընկալելի դարձնելու գործում մեր կողմից մշտապես կարևորվել է համագործակցությունը նաև լրագրողական համայնքի հետ, քանզի հանրությունն առաջին հերթին իրենց միջոցով է իրազեկվում ոլորտի նորություններին և նրանց պրոֆեսիոնալ աշխատանքից է նաև կախված հանրության արձագանքը այս կամ այն փոփոխությանը: Եվ որպեսզի մատուցվող լրագրողական նյութերը լինեն գրագետ և ընկալելի, մենք նույնպես այս հարցում պետք է ունենանք մեր ներդրումը՝ հանդես գալով նմանօրինակ նախաձեռնություններով»,- նշեց Հայաստանի Բանկերի Միության նախագահ, Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը:
Մանրամասն՝ Հայաստանի Բանկերի միության պաշտոնական կայքէջում: