Արդշինինվեստբանկը MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից արժանացել է պատվոգրի` որպես 'Ամենաարդյունավետ և հուսալի բանկ': Արդշինինվեստբանկը MoneyGram համակարգի հետ համագործակցում է բանկի կազմավորման օրվանից և այդ համակարգի հետ համատեղ պարբերաբար իր հաճախորդներին է առաջարկում տարբեր ակցիաներ, որոնց ընթացքում հաճախորդներին շնորհվում են տուրիստական ուղեգրեր, պլաստիկ քարտեր, բազմաթիվ նվերներ և դրամական պարգևներ: Նմանատիպ հերթական ակցիան, որը գործում է Բանկի բոլոր մասնաճյուղերում, մեկնարկել է 2010թ. սեպտեմբերի 1-ից և շարունակվելու է մինչև դեկտեմբերի 31-ը: Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը նշում է. 'Արդշինինվեստբանկը հանդիսանում է մասնավոր դրամական փոխանցումների առաջատարներից մեկը հայկական բանկային համակարգում: MoneyGram-ի պատվոգրին Բանկն արժանացել է աշխատանքի արդյունավետ կազմակերպման, աշխատակիցների արհեստավարժության, հմտության և սպասարկման բարձր որակի շնորհիվ: Համոզված եմ, որ համագործակցությունը MoneyGram համակարգի հետ շարունակելու է մնալ արդյունավետ և փոխշահավետ, իսկ նմանատիպ երկրորդ մրցանակի շնորհումը էլ ավելի է պարտավորեցնում մեզ լինել հուսալի և վստահելի բանկ, ոչ միայն մեր արտերկրի գործընկերների, այլ նաև մեր բոլոր հաճախորդների համար': Նշենք, որ 2009թ. դեկտեմբեր ամսին Արդշինինվեստբանկն արժանացել էր MoneyGram համակարգի 'Ամենահուսալի հայկական բանկ' հավաստագրին: