Սեպտեմբերի 12-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցավ Արդշինինվեստբանկի վերանորոգված մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Բացմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Բանկի խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը, Երևանից ժամանած բարձրաստիճան հյուրեր, հոգևորականներ, ներկայացուցիչներ ՀՀ կենտրոնական բանկից, այլ հրավիրված անձինք:
Ելույթ ունեցան Բանկի վարչության նախագահի տեղակալ Սերգեյ Վիրաբյանը և Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը: Ելույթ ունեցողները կարևորեցին բանկային համակարգի առաջատարներից մեկի` Արդշինինվեստբանկի, ներկայությունը ՀՀ բոլոր մարզերում և, մասնավորապես, Սյունիքում: Ս. Վիրաբյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ բանկային ոլորտում բանկի կայուն դիրքերի մասին են վկայում, մասնավորապես, այնպիսի ցուցանիշեր, ինչպիսիք են ակտիվների մեծությունը` 107,8 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 21,1 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 73,4 մլրդ դրամ:
Ելույթներից հետո, ըստ ձևավորված գեղեցիկ ավանդույթի, Սյունիքի մարզպետը և Բանկի խորհրդի նախագահը, ինչպես նաև Սիսիանի քաղաքապետը և Բանկի վարչության նախագահի տեղակալը մասնաճյուղի մուտքի մոտ տնկեցին երկու ծառ: Կարմիր ժապավենը հադիսավորությումբ կտրելուց հետո, ներկաները հնարավորություն ստացան ծանոթանալ մասնաճյուղի ներքին հարդարանքին: Վերանորոգված մասնաշենքը հագեցված է անհրաժեշտ աշխատանքային պայմաններով և պատրաստ է հաճախորդներին սպասարկել առավել հարմարավետ և ժամանակակից սրահում: Կատարվեց նաև մասնաճյուղի օրհնության արարողություն:
Բանկի գործունեության հիմնական ցուցանիշների աճի հետ մեկտեղ աճել են նաև Սիսիան մասնաճյուղի ցուցանիշները` մասնավորապես 2008թ. առաջին կիսամյակի արդյունքներով վարկային ներդրումները աճել են 22.7%-ով և կազմել 681.8 մլն. դրամ, իսկ ավանդները աճել են ավելի քան 21%-ով և կազմել 231 մլն. դրամ: Կիսամյակի վերջի դրությամբ մասնաճյուղում սպասարկվում են ավելի քան 700 հաճախորդ: