2009թ. մարտի 26-ին Վաշինգտոնում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը Արդշինինվեստբանկի և ամերիկյան WorldBusiness Capital, Inc. ընկերության միջև ստորագրվեց 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր: Նշված Վարկը երաշխավորված է ԱՄՆ կառավարության OPIC գործակալության կողմից:
Վարկը տրամադրվում է 10 տարի ժամկետով` փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համատեղ ծրագրի իրականացման համար: Արդշինինվեստբանկն իր կողմից այս ծրագրի իրագործման համար ներդնելու է2,5 մլն ԱՄՆ դոլար:
Վարկային պայմանագիրը ստորագրվեց Արդշինինվեստբանկի վարչության փոխնախագահ Սերգեյ Վիրաբյանի և WorldBusiness Capital, Inc. ընկերության փոխնախագահ Ռոբերտ Մոնյակի կողմից:
Ստորագրման արարողությանը ներկա են եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, OPIC գործակալության և WorldBusiness Capital, Inc. ընկերության բարձրաստիճան պատասխանատուներ, Համաշխարհային Բանկի խմբի կազմի մեջ մտնող IFC ընկերության ներկայացուցիչներ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան աշխատակիցներ, հյուրեր, լրագրողներ:
Երևանում, Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Հարությունյանը հետևյալ կերպ մեկնաբանեց կատարված իրադարձությունը. 'Այս ծրագրի իրագործմամբ Արդշինինվեստբանկը կնպաստի Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, կօգնի նրանց` հաղթահարելու միջազգային ֆինանսական ճգնաժամի հետևանքով առաջացած դժվարությունները: Բանկը շարունակաբար զարգացնելու է իր միջազգային համագործակցության շրջանակները` Հայաստանի շուկա դրսից ֆինանսական միջոցներ ներգրավելու, ՀՀ տնտեսության կայունությանը աջակցելու նպատակով:'