Հուլիսի 25-ին Արդշինիվեստբանկն արժանացավ Moody`s վարկանիշային գործակալության Ba1 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ, Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշների` առաջինը տեղական արժութային, իսկ երկրորդն արտարժութային ավանդների չափանիշերով: Միաժամանակ Արդշինիվեստբանկն արժանացել է Moody`s-ի ֆինանսական կայունության ('BFSR') 'D-' վարկանիշին: Կարևոր փաստ է, որ բանկի ստացած բոլոր վարկանիշերի հեռանկարները կայուն են:
Նշենք, որ Moody`s-ը պարբերաբար վարկանիշեր է շնորհում վարկավորման, ավանդների, արժեթղթերի և դեբիտորական պարտավորությունների չափանիշերով: Արդշինինվեստբանկը Moody`s-ի Ba3 վարկանիշին արժանացել է որպես Հայաստանի ամենամեծ մասնաճյուղային ցանց ունեցող բանկերից մեկը և որպես կայուն ավելացող շահութաբերությամբ ու ֆինանսական արդյունավետությամբ օժտված բանկ: 2007թ. իր ակտիվների մեծությամբ լինելով երկրորդը հանրապետությունում (գրավելով տեղական շուկայի 12,2%-ը), 2008թ. մարտին Արդշինինվեստբանկը դարձավ առաջինն այդ ցուցանիշով: Բանկը մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ և ակտիվ ներդրումներ է կատարում տնտեսության համապատասխան ոլորտներում:
Կարևոր է, որ ստանալով Ba1 երկարաժամկետ տեղական արժույթով ավանդների վարկանիշ, Արդշինինվեստբանկն ըստ անհրաժեշտության կարող է ստանալ անհապաղ համակարգային օժանդակություն համապատասխան կառույցներից: Սա նշանակում է, որ Ba1-ը գնահատվում է երկու աստիճան բարձր քան Ba3 Baseline Credit վարկանիշն է:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Արամ Անդրեասյանի կարծիքով. ՙMoody`s հեղինակավոր գործակալության գնահատականը շատ կարևոր իրադարձություն է մեր բանկի համար, միաժամանակ անհրաժեշտ քայլ` դեպի զարգացում: Այս վարկանիշը մեզ հնարավորություն կտա ներգրավել միջոցներ միջազգային կապիտալի շուկաներից, ինչպես նաև ավելի զարգացնել մեր հարաբերությունները հին և նոր գործընկերների հետ` Հայաստանում և արտերկրում՚: