Սույն թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ տրվել է ՀՀ կենտրոնական բանկի նախնական հավանությունը Արդշինբանկ ՓԲԸ և Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ ՓԲԸ-ի միացման պայմանագրի կնքմանը: Նշված գործարքի կնքումից հետո «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկ Խումբ» ՓԲԸ-ն կմիանա «Արդշինբանկ» ՓԲԸ-ին, որի արդյունքում «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկ Խումբ» ՓԲԸ-ի որպես առանձին իրավաբանական անձի գործունեությունը կդադարի և նրա բոլոր իրավունքներն ու պարտականությունները կանցնեն պահպանվող իրավահաջորդ բանկին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ին: Միացյալ բանկը շուկայում հանդես կգա Արդշինբանկ բրենդի ներքո:

Այս փուլում Արդշինբանկի և Առեքսիմբանկի բոլոր մասնաճյուղերի գործունեության վայրերը և հաղորդակցման միջոցները անփոփոխ են և տեղադրված են համապատասխանաբար ardshinbank.am և areximbank.am ինտերնետային կայքերում:

Արդշինբանկի և Առեքսիմբանկի հաճախորդները սպասարկվում են բնականոն կերպով` կնքված պայմանագրերի շրջանակներում, որոնք կարող են լուծվել` պահպանելով պայմանագրերով նախատեսված կարգը և ժամկետները:

Միացման արդյունքում Արդշինբանկը կդառնա Հայաստանում ամենախոշոր բանկը՝ բանկային կապիտալի, ակտիվների և մասնաճյուղային ցանցի առումով։ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ընդհանուր կապիտալը կկազմի մոտ 74 միլիարդ ՀՀ դրամ, ակտիվները կհասնեն մոտ 540 միլիարդ ՀՀ դրամի, իսկ վաճառքի ցանցը բաղկացած կլինի թվով 72 ունիվերսալ մասնաճյուղերից: Բանկերի միացումը թույլ կտա միավորել ժամանակակից տեխնոլոգիաները, ծառայությունները և բարձրորակ մասնագետների ջանքերը և զգալիորեն կընդլայնի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հնարավորությունները՝ իր հաճախորդներին առավել լայն տեսականիով որակյալ բանկային ծառայություններ մատուցելու առումով՝ ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ բիզնեսի ոլորտում։