Ս.թ. մարտի 17-ին «Chibukhchyan Live» վերտառությամբ հանրայնորեն հասանելի հարթակում բովանդակություն է հրապարակվել «Արդշինբանկ» ՓԲԸ և վերջինիս խորհրդի նախագահ պրն․ Կարեն Սաֆարյանի մասին, որը պարունակում է զրպարտություն, կեղծ տեղեկատվություն, պատվի, արժանապատվության և գործարար համբավի արատավորում:

Նշված հրապարակման մասին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն և բանկի խորհրդի նախագահը ձեռնարկել են միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով խախտված իրավունքների վերականգնման համար:

Միաժամանակ, «Արդշինբանկ» ՓԲԸ-ը՝ որպես թափանցիկ, հաշվետու, սահմանված բարեվարքությամբ գործող բանկ՝ մի կողմից, և պրն Կարեն Սաֆարյանը, որպես պատասխանատու ու բարեխիղճ ՀՀ քաղաքացի՝ մյուս կողմից, կարևոր են համարում սույն տեղեկատվության հրապարակումը, փաստերի ճշգրտումը և նշված հարթակով հնչեցված զրպարտության հերքումը նաև հանրային հաղորդակցության միջոցով:

Այսպես, տեղեկացնում ենք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն գործում է ՀՀ բանկերի և բանկային գործունեության, ՀՀ Կենտրոնական Բանկի կանոնակարգերի և լիցենզավորման հիման վրա: Բանկում առկա են համակարգային կարգավորումներ` բանկային բարեվարքության, բանկային գաղտնիքի պահպանման և համապատասխանության ստուգումների (քոմփլայենս) կատարման համար` խստիվ պահպանելով ՀՀ և միջազգային կարգավորումներն ու պահանջները, այդ թվում նաև՝ օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների երկրների կողմից կիրառվող սահմանափակումները: «Արդշինբանկ» ՓԲԸ-ն և բանկի խորհուրդը` ի դեմս խորհրդի նախագահի, գործում են բացառապես նշված կարգավորումներով: Ամենայն պատասխանատվությամբ կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած կեղծ տեղեկատվության հրապարակումից և համակարգի գործունեության վերաբերյալ անլուրջ դատողություններից:

Հայտնում ենք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ պրն․ Կարեն Սաֆարյանը ծնվել է 1963թ.-ին Ադրբեջանական ԽՍՀ-ում` Բաքու քաղաքում։ Խորհրդային Միության տարիներին, ինչպես բազմաթիվ հայեր, Կարեն Սաֆարյանը ևս սովորել է Բաքու քաղաքում՝ 1985թ.-ին  ավարտելով Ադրբեջանի Պոլիտեխնիկական Ինստիտուտը: 1989թ.-ին հայտնի իրադարձությունների պատճառով պրն․ Սաֆարյանի ընտանիքը տեղափոխվել է Հայաստան։ Մինչև 1995թ․ նա աշխատել է Հայաստանի տարբեր արդյունաբերական ձեռնարկություններում որպես ինժեներ։ Հետագայում տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ և զբաղվել է բիզնես գործունեությամբ: 2000-ականների սկզբին նա արդեն ուներ մի շարք բիզնեսներ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ 2003թ․-ին, ի թիվս այլ բիզնեսների, պարոն Սաֆարյանը հիմնադրել է «Արդշինբանկը»:

Պրն. Կարեն Սաֆարյանը տարբեր տարիներին հանդիսացել է տարբեր ընկերությունների հիմնադիր, սեփականատեր կամ փոքրամասնություն կազմող բաժնետեր: Հայաստանում պրն․ Սաֆարյանի բիզնեսներից և ոչ մեկը Ռուսաստանում գործունեություն չի ծավալել, և միևնույն ժամանակ նրա ռուսական բիզնեսները գործունեություն չեն ծավալել հայկական շուկայում: Ավելին, վերջին 10 տարիների ընթացքում նա իր բիզնես ձեռնարկությունները վաճառել է Ռուսաստանում` բիզնես հետաքրքրությունների փոփոխությամբ պայմանավորված: Նա իր գործունեության ընթացքում չի ղեկավարել, սեփականատեր չի հանդիսացել և առհասարակ զինարտադրության որևէ տեսակի գործունեության հետ առնչություն չի ունեցել:

Մինչև 2019թ. պրն Սաֆարյանը հանդիսացել է ռեզիդենտ հարկ վճարող ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, սակայն 2019թ.-ից հետո նա հանդիսանում է միմիայն ՀՀ ռեզիդենտ հարկ վճարող ու ներկայումս զբաղվում է գործարարությամբ միմիայն Հայաստանում: Պրն․ Սաֆարյանի հիմնական բիզնեսը  «Արդշինբանկն» է: Հայաստանում նրա հոլդինգային ընկերության կազմում են գործում «Արմենիա» ապահովագրական ընկերությունն ու մի շարք ներդրումային ֆոնդեր։

Պրն. Սաֆարյանի կենսագրությունը հանրային հասանելիությամբ ներկայացված է նաև մեր պաշտոնական կայքում, ուստի անհասկանալի կապերի ներկայացումը որպես սենսացիա համարում ենք փաստերի խեղաթյուրում` իր բոլոր իրավական հետևանքներով: Խոսքը վերաբերում է նաև այն դեպքին, երբ պրն․ Սաֆարյանի հսկողության ներքո են ներկայացվում այնպիսի ընկերություններ, որոնց հետ նա վերջին անգամ առնչություն ունեցել է շուրջ 30 տարի առաջ։ Կամ երբ պրն Սաֆարյանին է վերագրվում ինչ-ինչ ընկերությունների սեփականատեր լինելը, որոնց հետ նա երբևէ առնչություն չի ունեցել։

Հարկ ենք համարում նաև նշել, որ պրն․ Կարեն Սաֆարյանը երբևէ չի զբաղվել քաղաքականությամբ՝ ինչպես ՌԴ-ում, այնպես էլ Հայաստանում։ Նրա հանրային գործունեությունը սահմանափակվում է միայն «Արդշինբանկի» պաշտոնական սոցիալական պատասխանատվության ծրագրերով:

Արձանագրում ենք նաև, որ նշված հարթակում մեկ անգամ չէ, որ հրապարակվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և ընկերության խորհրդի նախագահի գործարար համբավը արատավորող զրպարտող տեղեկություններ և վիրավորանք պարունակող արտահայտություններ։ Բոլոր դեպքերում «Արդշինբանկը» հետևողական է լինելու, որ այդ գործողությունները ստանան պատշաճ իրավական գնահատական։


«Արդշինբանկ» ՓԲԸ