Հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի ծննդյան մոտալուտ 155-ամյակի կապակցությամբ Արդշինբանկը ֆինանսավորել է «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի հերթական հրատարակությունը՝ «Աշխատանքային երգեր» հատորը: Բանկը նաև հանդես է եկել  «Կոմիտասի աշխատասենյակը» VR  ցուցադրության հովանավորի դերում, որը հնարավորություն կտա այցելուներին վիրտուալ իրականության ձևաչափով այցելել Կոմիտասի՝ Կ. Պոլսում գտնվող բնակարանի աշխատասենյակը: Եռաչափ մոդելավորմամբ ստեղծված վիրտուալ աշխատասենյակի ինտերիերում ներկայացված են Կոմիտասի ռոյալը և ֆիսհարմոնը, Փանոս Թերլեմեզյանի «Քյոթահիա» գեղանկարը, նաև Կոմիտասի գորգը։ Վիրտուալ շրջայցը հագեցած է լինելու ինտերակտիվ բաղադրիչով, ամբողջ ընթացքը կուղեկցվի Կոմիտասի մասին պատմող տեղեկատվական նյութով և կոմիտասյան երաժշտությամբ։

«Կոմիտասի աշխատասենյակը» VR  ցուցադրության և «Աշխատանքային երգեր» հատորի շնորհանդեսը կայացավ հունվարի 29-ին Կոմիտասի թանգարան ինստիտուտում:

Արդշինբանկի Վարչության նախագահ պարոն Արտակ Անանյանն իր խոսքում ասաց, որ Բանկը հովանավորում է բազմաթիվ մշակութային իրադարձություններ, որոնք կոչված են պահպանելու մեր երկրի մշակութային ժառանգությունը, քանի որ բանկը մեծ նշանակություն է տալիս ազգային ավանդույթների զարգացմանն ու պահպանմանը ապագա սերունդների համար: Ա. Անանյանը նաև նշեց, որ պատիվ է նման մեծ նախագծի մասնակիցը լինել. «Կոմիտասը համաշխարհային մշակույթի անբաժանելի մասն է, նրան ճանաչում և մեծարում են շատերը՝ անկախ ազգային կամ կրոնական պատկանելիությունից: Երգահանի համարյա մաբողջ ժառանգությունը կորսված է, ահա թե ինչու դեռ շատ անելիք կա: Բայց արդեն հիմա հաղթանակներ ունենք. հրատարակված են Կոմիտասի ստեղծագործությունների բնօրինակները, մանկական երգչախմբի համար գրված երգերը հայերեն և անգլերեն լեզուներով: Այսօր ևս մեկ կարևոր քայլ է արվել. ՅՈՒՆԵՍԿՕ-Ի գործադիր խորհուրդը պատմական որոշում է կայացրել Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցելու մասին»:

Միջոցառմանն իրենց մասնակցությունն են ունեցել նաև ԿԳՍՄ նախարար Ժաննա Անդրեասյանը և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:

Հիշեցնենք, որ 2019 թ.-ին Արդշինբանկի, ԿԳՄՍ նախարարության և Թանգարան-ինստիտուտի միջև կնքվել է եռակողմ համաձայնագիր, ըստ որի Բանկը հանձն է առել մասնակցել մեծն հայ կոմպոզիտորի ժառանգության վերականգնման և պահպանման միջոցառումների ֆինանսավորմանը: