Սոցիալական և էկոլոգիական ռիսկերը վարկային ռիսկերի կառավարման համակարգում
1. Վարկային ռիսկերի կառավարման քաղաքականության շրջանակներում Բանկը ստանձնում է իր կողմից իրականացվող վարկավորման գործունեության միջոցով շրջակա միջավայրի պահպանությանը և սոցիալական կայուն զարգացմանը նպաստելու պատասխանատվություն:
2. Սոցիալական և էկոլոգիական ռիսկերի կառավարման ոլորտում Բանկի հիմնական նպատակներն են`
2.1. բացահայտել և չվարկավորել այն հաճախորդներին, որոնց գործունեությունը բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի վրա և (կամ) ունի բացասական սոցիալական հետևանք,
2.2. նվազագույնի հասցնել վարկառուների գործունեությունից ծագող սոցիալական և էկոլոգիական ռիսկերի հետևանքով Բանկի կողմից ֆինանսական կորուստ կրելու և (կամ) Բանկի հեղինակության անկման հավանականությունը:
3. Սույն գլխի 2 կետով սահմանված նպատակները իրագործելու համար Բանկը վարկավորման գործընթացում նախապատվություն է տալիս այն վարկառուներին, որոնք պարտավորություն են ստանձնում որդեգրել սոցիալական և էկոլոգիական համապատասխանության 4-ից մինչև 12 կետերով սահմանված ստանդարտները:
4. Սոցիալական և էկոլոգիական կառավարման համակարգի և գնահատման ստանդարտ: Ստանդարտի պահանջն է ունենալ այնպիսի կառավարման համակարգ, որը թույլ կտա ճշտգրիտ կերպով գնահատել սոցիալական և էկոլոգիական ռիսկերը և կազմակերպել դրանց արդյունավետ կառավարումը: Սոցիալական և էկոլոգիական կառավարման համակարգի տարրերն են`
4.1. սոցիալական և էկոլոգիական ռիսկերի գնահատման համակարգը,
4.2. սոցիալական և էկոլոգիական ռիսկերի կառավարման ծրագիրը,
4.3. սոցիալական և էկոլոգիական ռիսկերի կառավարման կազմակերպական համակարգը,
4.4. անձնակազմի ուսուցման համակարգը,
4.5. հասարակության իրազեկման և հասարակական կառույցների ներգրավման համակարգը,
4.6. մոնիտորինգի և հաշվետվական համակարգը,
5. Անձնակազմի և աշխատանքային պայմանների ստանդարտ: Ստանդարտի պահանջն է ունենալ կազմակերպության մասշտաբին և ներգրավված աշխատուժի թվաքանակին համարժեք կադրային քաղաքականություն, որը կարտահայտի կազմակերպությունում արտադրատնտեսական հարաբերությունների կառավարման գաղափարախոսությունը: Կադրային քաղաականությունը պետք է շարադրված լինի պարզ և հասկանալի ոճով, հասանելի լինի բոլոր աշխատակիցներին: Համաձայն սույն ստանդարտի` փոխառուն պետք է Բանկին հաշվետվություն ներկայացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմնարար իրավունքներին համապատասխանության վերաբերյալ:
6. Շրջակա միջավայրի աղտոտման կանխման և նվազեցման ստանդարտ: Ստանդարտի պահանջն է կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ և գործնական մեթոդներ, որոնք նվազագույնի կհասցնեն, իսկ հնարավորության դեպքում կբացառեն, կազմակերպության տեխնոլոգիական ցիկլի ազդեցությունը շրջակա միջավայրի և բնական համակարգերի վրա: Համաձայն սույն ստանդարտի վարկառուն պարտավոր է`
6.1. նվազագույնի հասցնել, իսկ հնարավորության դեպքում կանխել վնասկար նյութերի և ջերմոցային գազերի արտանետումը շրջակա միջավայր,
6.2. նվազագույնի հասցնել, իսկ հնարավորության դեպքում կանխել թափոնների առաջացումը,
6.3. իրականացնել շրջակա միջավայրի վիճակի պարբերական մոնիտորինգ,
6.4. պատրաստ լինել արձագանքելու արտակարգ իրավիճակներին:
7. Բնակչության անվտանգության և առողջության պահպանման ստանդարտ: Ստանդարտի պահանջն է կազմակերպության մասշտաբին և գործունեության առանձահատկություններին համապատասխան ունենալ բնակչության առողջությանը և անվտանգությանը սպառնացող ռիսկերի (վտանգների) գնահաման և կանխարգելման համակարգ, որը կներառի`
7.1. ենթակառուցվածքների և սարքավորումների անվտանգության գնահատականը,
7.2. վտանգավոր նյութերի հետ աշխատելու անվտանգության կանոնները,
7.3. շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման խնդիրները,
7.4. բնակչության շրջանում հիվանդությունների առաջացման վտանգի գնահատականը,
7.5. արտակարգ իրավիճակներին արձագանքելու պատրաստակամությունը,
7.6. հասարակությանը և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններին իրազեկման մեխանիզմները:
8. Հողօգտագործման իրավունքի ձեռքբերման և ստիպողական վերաբնակեցման ստանդարտ: Հաշվի առնելով կազմակերպության մասշտաբը և գործունեության առանձահատկությունները` ստանդարտի պահանջը տեղական բնակչության վերաբնակեցման կանխումն է, մասնավորապես փոխառուն պետք է փոխհատուցի հողատարածքի և ակտիվների ձեռքբերման համար փոխարինման արժեքի համապատասխան չափով և (կամ) կենսական շահերի ոտնահարման անհրաժեշտությունը կանխելու նպատակով ունենալ այնպիսի այլընտրանքային ծրագրեր, որոնք թույլ կտան գնահատել և առավելագույնս հաշվի առնել էկոլոգիական, սոցիալական և տնտեսական հնարավոր կորուստների և ձեռքբերումների հաշվեկշիռը, կնախատեսեն համարժեք փոխհատուցման, համապատասխան բողոքների քննարկման արդյունավետ համակարգ:
9. Կենսաբազմազանության պահպանման և բնական պաշարների կայուն կառավարման ստանդարտ: Հաշվի առնելով կազմակերպության մասշտաբը և գործունեության առանձահատկությունները` ստանդարտի պահանջն է շրջակա միջավայրի կենսաբազմազանության պահպանման և բնական պաշարների կայուն կառավարման նպատակով ունենալ այդ միջավայրի վրա կազմակերպության գործունեության ազդեցության գնահատման համակարգ, որը թույլ կտա բացահայտել կենսամիջավայրի հնարավոր անցանկալի փոփոխությունները, գնահատել այդ միջավայրում նոր տեսակների ի հայտ գալու հնարավորությունները և դրանց հնարավոր ազդեցությունը:
10. Տեղական ազգաբնակչության ստանդարտ: Հաշվի առնելով կազմակերպության մասշտաբը և գործունեության առանձահատկությունները` ստանդարտի պահանջն է ունենալ տեղական ազգաբնակչության շահերին առնչվող սոցիալական, էկոլոգիական, մշակութային ռիսկերի գնահատման, այդ ռիսկերը նվազագույնի հասցնելու կամ կանխելու համակարգ, տեղական ազգաբնակչության իրազեկման, նրանց համար ընդունելի եղանակով անհրաժեշտ փոխհատուցմների մեխանիզմներ:
11. Մշակութային ժառանգության ստանդարտ: Հաշվի առնելով կազմակերպության մասշտաբը և գործունեության առանձահատկությունները` ստանդարտի պահանջն է պահպանել մշակութային ժառանգությունը, նպաստել դրա զարգացմանը` առաջնորդվելով ՀՀ և միջազգային օրենսդրությամբ ու միջազգային համաձայնագրերով:
12. Սույն քաղաքականության 2 կետով սահմանված նպատակները իրագործելու համար Բանկը չի վարկավորում կամ խիստ սահմանափակ չափով է վարկավորում տնտեսության հետևյալ ոլորտներում ներգրավված սուբյեկտներին՝
12.1. ՀՀ օրենսդրությամբ կամ միջազգային կոնվենցիաներով և համաձայնագրերով անօրինական ճանաչված կամ արգելված արատադրանքի թողարկում և առևտուր (օրինակ` դեղագործական արտադրանք, պեստիցիդներ և հերբիցիդներ, թունաքիմիկատներ, օզոնային շերտը քայքայող նյութեր, պոլիքլորինացված բիֆենիլներ, թափոնների կամ թափոնային ապրանքների տրանս-սահմանային առևտուր, սնդիկ պարունակող նյութեր, վայրի բնության այնպիսի տեսակներ, որոնք «CITES»-ի կարգավորման առարկան են),
12.2. զենքի և ռազմամթերքի, ներառյալ կիսառազմական նյութերի, արտադրություն և առևտուր
12.3. զինվորական հանդերձանքի արտադրություն և առևտուր,
12.4. ալկոհոլային խմիչքների(բացառությամբ գինու և գարեջրի) արտադրություն և առևտուր,
12.5. ծխախոտի արտադրություն և առևտուր,
12.6. մոլեխաղեր և խաղատնային գործունեություն,
12.7. այնպիսի կենդանիների կամ դրանցից պատրաստված արտադրանքի առևտուր, որոնք «CITES»-ի կարգավորման առարկան են,
12.8. ռադիոակտիվ նյութերի արտադրություն և առևտուր, այս դրույթը չի կիրառվում բժշկական, որակի հսկողության սարքավորումների ձեռք բերման դեպքում,
12.9. ազատ (չկապված) ասբեստի մանրաթելերի արտադրություն, առևտուր կամ գործածում, այս դրույթը չի կիրառվում ցեմենտի հետ կապված ասբեստե շերտերի ձեռք բերման և կիրառման դեպքում, որոնցում ասբեստի պարունակությունը չի գերազանցում 20%-ը,
12.10. չվերահսկվող անտառային տարածքներում բնափայտի և այլ անտառանյութի արտադրություն և առևտուր, այդ թվում փայտամթերման սարքավորումների ձեռքբերում արևադարձային կուսական անտառներում կամ բազմամյա անտառներում օգտագործելու համար,
12.11. անտառանյութի ձեռք բերում և (կամ) մշակում առաջնային թաց վիճակում,
12.12. միջազգային համաձայնագրերով արգելված կամ սահմանափակումների ենթարկված դեղագործական արտադրանքի թողարկում և առևտուր,
12.13. թունաքիմիկատների արտադրություն և առևտուր,
12.14. առողջության համար վտանգավոր կամ հարկադիր աշխատանքի կիրառմամբ արտադրություն կամ այլ գործունեություն (կամավորության սկզբունքի խախտմամբ` ուժի կամ պատժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքով աշխատուժի շահագործում (մանկական աշխատուժի ներգրավում այնպիսի աշխատանքում, որը վտանգավոր է, վնասակար է երեխայի առողջության համար, խանգարում է ուսմանը և բացասաբար է անդրադառնում նրա ֆիզիկական, մտավոր, հոգևոր զարգացմանը և սոցիալական ինտեգրմանը),
12.15. սնդիկ պարունակող արտադրանքի թողարկում և առևտուր,
12.16. օզոնային շերտը քայքայող արտադրություն և առևտուր, որոնք ենթակա են կրճատման,
12.17. վտանգավոր քիմիական նյութերի առանձնապես մեծ ծավալների արտադրություն, առևտուր, պահպանում և տեղափոխում, կամ այդ նյութերի շահագործում արդյունաբերական ծավալներով,
12.18. տեղական բնակչության հողային տարածքների նկատմամբ ոտնձգություն հանդիսացող արտադրություն կամ որևէ այլ գործունեություն, եթե այդ բնակչության հետ ձեռք չի բերվել համապատասխան տարածքները օգտագործելու վերաբերյալ պատշաճ կերպով ձևակերպված և հաստատված փաստաթղթային համաձայնություն,
12.19. ծովային և առափնյա ձկնորսություն, որի դեպքում օգտագործվում են տարբեր խորության ձկնորսական ցանցեր, վտանգ ներկայացնելով ծովային կենսաբազմազանությանը և վնաս հասցնելով խոցելի և պաշտպանված տեսակներին: