Արդշինբանկն ընտրել է լավագույնին` Հայաստանում առաջինը անցկացված «Smarter Armenia 16» հեքեթոնում, որը տեղի է ունեցել նորաբաց Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC):

Արդշինբանկի Գործառնական տնօրեն Հարություն Իսպիրյանի խոսքերով` Արդշինբանկը, որպես միջոցառման գլխավոր գործընկերներից մեկը, շնորհեց իր մրցանակը «Ֆինանսական ոլորտի լավագույն լուծումը» անվանակարգում, որի հաղթող է ճանաչվել «Finely» թիմը` բանկի կողմից ստանալով 1000 ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգև:

«Ցանկանում եմ նշել, որ սա նշանակալից իրադարձություն է մեր հանրապետության կյանքում: Սրտանց շնորհավորում ենք հեքեթոնի կազմակերպիչներին և մասնակիցներին, հուսով ենք` այն կդառնա ավանդական և նոր լիցք կհաղորդի մեր հանրապետության հետագա ինովացիոն զարգացմանը», - եզրափակեց Հ. Իսպիրյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ից 12-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Smarter Armenia 16» հեքեթոնը, որը կազմակերպվել էր Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողության շրջանակներում` IBM, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)  հետ համատեղ: Հեքեթոնի նպատակն է ձևավորել նոր գաղափարներ և ստեղծել նորարարական լուծումներ երկրի տնտեսության տարբեր ոլորտներում:

(Հեքեթոնը` դա ծրագրավորողների ֆորում է, որի ընթացքում այլ երկրներից ժամանած տարբեր բնագավառների մասնագետներ աշխատում են որևէ խնդրի լուծման ուղղությամբ):