«Իմ ֆինանսների ամիս-2021» ծրագրի շրջանակում ՀՀ Կենտրոնական բանկում կայացավ ֆինանսատնտեսագիտական թեմաներով հոդվածների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

Մրցույթի նպատակն է Հայերեն Վիքիպեդիայում ապահովել ֆինանսատնտեսական բովանդակության ամբողջական համապարփակ ներկայացումը և շարունակական նորացումը, ինչպես նաև Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի ներկայացումը թե՛ հայերեն և թե՛ այլ լեզուներով։ Մրցույթի հաղթողներին և հատուկ մրցանակակիրներին ընտրել է ֆինանսաբանկային ոլորտի մասնագետներից բաղկացած ժյուրին: Մրցույթի շրջանակներում գրվել էր 119 հոդված, և 8 խմբագիրներ ստացան դրամական և հատուկ մրցանակներ:

Օժանդակելով նախաձեռնությունը հայկական Վիքիպեդիայի հարստացման և ֆինանսական գրագիտության բարձրացման նպատակով` Արդշինբանկը միջոցառմանը հատուկ մրցանակներ շնորհեց մրցույթի մասնակից երեք հոդվածագրերի՝ Ռիմա Մանասերյանին (Հոդվածը հասանելի է հետևյալ հղմամբ՝ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված տնտեսական ցնցումները), Ալլա Սարգսյանին (Հոդվածը հասանելի է հետևյալ հղմամբ՝ 1. Ճանապարհորդական ապահովագրություն 2. Բրետոն-Վուդսյան համակարգ) և Մելանյա Հովհաննիսյանին (Հոդվածը հասանելի է հետևյալ հղմամբ՝ Ֆրանկո Մոդիլյանի):