Սեպտեմբերի 30-ին Արդշինբանկը անցկացրեց թիմի ամրապնդմանն և վերջինիս ստեղծագործական և կազմակերպչական հմտությունների զարգացմանն ուղղված հերթական կորպորատիվ միջոցառումն այս անգամ Դիլիջանում: Միջոցառմանը ներկա էին Բանկի «Վանաձոր», «Սպիտակ», «Ստեփանավան», «Տաշիր», «Ալավերդի», «Իջևան», «Դիլիջան», «Նոյեմբերյան», «Տավուշ» և «Լոռի» մասնաճյուղերը, ինչպես նաև Բանկի գլխամասային գրասենյակի ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները:

Իր ելույթով հանդես եկավ Արդշինբանկի Վարչության անդամ, ֆինանսական տնօրեն Դավիթ Սարգսյանը՝ ընդգծելով, որ բանկի թիմի հիմնական նպատակն է մշտապես կատարելագործել աշխատանքի մեթոդները և սպասարկման որակը: «Այս ամենը մեզ թույլ կտա ոչ միայն պահպանել մեր առաջատար դիրքերը հայաստանյան բանկային համակարգում, այլ նաև գրավել նշանակալից դիրքեր արտաքին շուկայում», - ավելացրեց Դավիթ Սարգսյանը:

Արդշինբանկի Վարչության անդամ, Գործառնական տնօրեն Հարություն Իսպիրյանը ներկաներին ծանոթացրեց աշխատանքի վարձատրության և խրախուսման նոր համակարգին՝ նշելով որ գրագետ կառուցված և արդյունավետ գործող համակարգը թույլ է տալիս նույնականացնել աշխատակցի և կազմակերպության նպատակները, ինչը կազմակերպության հաջողության հիմնական գրավականներից է: «Արդշինբանկի համար կարևոր է իր աշխատակիցների մեկ թիմ լինելը և մեկ ընդհանուր նպատակ ունենալը՝  ուղղված դեպի մասնագիտական աճ և զարգացում», - իր ելույթում նշեց Հարություն Իսպիրյանը:

Յուրաքանչյուր թիմին հանձնարարվեցին առաջադրանքներ, որոնց նպատակն էր արտացոլել թիմային աշխատանք կատարելու կարևորությունը, իրար փոխադարձ լրացնելու հմտությունները՝ ևս մեկ անգամ ընդգծելով այն հանգամանքը, որ միայն նվիրվածության և փոխադարձ վստահության դեպքում է հնարավոր ապահովել ցանկալի արդյունքներ և հասնել հաջողության:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Արդշինբանկը անցկացրել էր միջոցառումը Կոտայք-Գեղարքունիք տարածաշրջանի մասնաճյուղերի հետ Սևանա լճի ափին, այս անգամ հանդիպումը տեղի ունեցավ Հյուսիային տարածաշրջանի մասնաճյուղերի հետ. «Մենք ուժեղ ենք միասին»: