Արդշինբանկի և Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) միջև ստորագրվեց թվով երրորդ վարկային պայմանագիրը, որով Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորմանը կհատկացվի ևս 10 մլն ԱՄՆ դոլար:

ՓՄՁ ոլորտը հանդիսանում է Հայաստանի տնտեսության զարգացման, արտահանման խթանման և աշխատատեղերի ստեղծման համար կարևոր բաղկացուցիչ և այդ պատճառով Արդշինբանկի ռազմավարական զարգացման հիմքում ընկած է ՓՄՁ ոլորտում մատչելի վարկավորման խթանումը: Ծրագրի շրջանակներում Արդշինբանկը տրամադրելու է վարկեր իր հաճախորդներին սկսած տարեկան 11% տոկոսադրույքից:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Սևծովյան տարածաշրջանի տասնմեկ երկրների կողմից: ՍԱԶԲ-ը խթանում է տնտեսական զարգացումը և տարածաշրջանային համագործակցությունը` իր անդամ երկրների պետական և մասնավոր հատվածի նախագծերի իրականացման համար տրամադրելով վարկեր, վարկային գծեր, երաշխիքներ, ինչպես նաև իրականացնելով ներդրումներ կապիտալում և առևտրի ֆինանսավորում:

Արդշինբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է և ունի վաճառքի լայն ցանց կազմված 55 մասնաճյուղից: Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր ու ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին: