Սույն թվականի հունվարի 17-ին Արդշինբանկի խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը և վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը պարգևատրվել են Հայաստանի բանկերի միության կողմից «Տիգրան Մեծ» հուշամեդալներով:

Ներկայացնելով մրցանակը` Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը բարձր գնահատեց Արդշինբանկի ղեկավարների գործունեությունը ՀՀ բանկային համակարգի զարգացման գործում:

«Ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել պարոն Սաֆարյանին երկարատև և արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ նման ներդրողների և հայրենասեր գործարարների շնորհիվ է, որ կայացել և հաջողությամբ գործում է Հայաստանի բանկային համակարգը», - նշեց Սամվել Ճզմաչյանը:

Ի պատասխան Կարեն Սաֆարյանը, որպես երկրի առաջատար բանկերից մեկի ղեկավար, շնորհակալություն հայտնեց Հայաստանի բանկերի միության նախագահին` իր գործունեությունը բարձր գնահատելու համար:

Ինչպես նշեց իր շնորհակալական խոսքում Արդշինբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը, ով պարգևատրվել է սեղմ ժամկետներում արագ և բարձր զարգացումներ ապահովելու համար, Բանկը կշարունակի աշխատել արդյունավետ, որպեսզի առաջիկայում էլ ավելի ամրապնդի հաճախորդների կողմից արժանացած բարձր վստահությունը:

«Մենք լավ հասկանում ենք, որ մեր գործունեությունից շատ բան է կախված: Գիտակցելով մեր ունեցած դերը և պատասխանատվությունը` պետք է շարժվենք առաջ` փորձելով լինել լավագույնը և առաջատարը շուկայում», - նշեց Մհեր Գրիգորյանը: