'Արդշինինվեստբանկ' ՓԲԸ շարունակում է ակտիվորեն ֆինանսավորել իր հաճախորդների արտաքին տնտեսական պայմանագրերը` փաստաթղթային և երաշխիքային գործառնությունների կիրառմամբ:
Այսպիսով, Բանկի հաճախորդ հանդիսացող 'Թօփ Մոտորս' ՍՊԸ պատվերով, 'Արդշինինվեստբանկ' ՓԲԸ պարբերաբար ապահովում է փաստաթղթային ակրեդիտիվների թողարկումը` հօգուտ ճապոնական 'Մազդա Քորփորեյշն' ընկերության, որոնց շրջանակներում 2013թ. հունվարից մեկնարկել են Մազդա ավտոմեքենայի նորագույն մոդելների առաքումները Հայաստան: 'Արդշինինվեստբանկ' ՓԲԸ ակրեդիտիվները հաստատվում են առաջնակարգ արտասահմանյան բանկերի կողմից, ինչի շնորհիվ հայաստանյան ներմուծողը հնարավորություն է ստանում իրականացնել պայմանագրով նախատեսված ապրանքի դիմաց վճարումը իր համար արտոնյալ` հետաձգված վճարման պայմաններով:
Միաժամանակ, Բանկի մեկ այլ հաճախորդ հանդիսացող 'Ռոյալ Մոտորս' ՍՊԸ պատվերով, 'Արդշինինվեստբանկ' ՓԲԸ երաշխավորել է ճապոնական Սուզուկի ապրանքանիշի նորագույն ավտոմեքենաների պարբերական առաքումները Հայաստան:
'Արդշինինվեստբանկ' ՓԲԸ բարձր է գնահատում իր հաճախորդների արտաքին տնտեսական գործարքների առևտրային ֆինանսավորման պոտենցիալը, և, ելնելով յուրաքանչյուր գործարքի կառուցվածքի առանձնահատկություններից, մշակում է ֆինանսավորման առավել արդյունավետ սխեմաներ, որոնք թույլ են տալիս ներմուծողներին իրականացնել ապրանքների ներմուծումը հետաձգված վճարման պայմաններով` առանց սեփական շրջանառու միջոցների շրջանառությունից դուրս բերման:
Տեղեկատվություն 'Թօփ Մոտորս' ՍՊԸ և 'Ռոյալ Մոտորս' ՍՊԸ ընկերությունների մասին.
'Թօփ Մոտորս' ՍՊԸ հանդիսանում է ճապոնական Մազդա ընկերության պաշտոնական ներկայացուցիչը, իսկ 'Ռոյալ Մոտորս' ՍՊԸ` ճապոնական Սուզուկի ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունները զբաղվում են ավտոմեքենաների ինչպես ներմուծմամբ, այնպես էլ վաճառքով, իսկ ընկերությունների բարձրակարգ մասնագետները ապահովում են Մազդա և Սուզուկի ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը մասնագիտացված ավտոտեխսպասարկման կետում, որը գտնվում է ք.Երևան, Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, 26/1 հասցեում (ավտոսրահի հարևանությամբ):