'Արդշինինվեստբանկ' ՓԲԸ իր հաճախորդների արտաքին առևտրային գործունեությունը ողջ ծավալով ապահովելու նպատակով տրամադրում է բանկային ծառայությունների լայն ընտրանի` իրականացնելով միջազգային հաշվարկներ փաստաթղթային ակրեդիտիվների և երաշխիքային գործառնությունների կիրառմամբ:
Այսպիսով, 2012թ. դեկտեմբերին 'Արդշինինվեստբանկ' ՓԲԸ ֆինանսավորել է գյուղատնտեսական և ճանապարհաշինարարական տեխնիկայի առաջատար համաշխարհային արտադրող` John Deere (Ջոն Դիր) ապրանքանիշի գյուղատնտեսական տեխնիկայի առաջին խմբաքանակի ներմուծումը Հայաստան: Ֆինանսավորումը իրականացվել է փաստաթղթային ակրեդիտիվի միջոցով` գերմանական Euler Hermes Deutschland AG արտահանման ապահովագրական գործակալության ծածկույթով, գերմանական Landesbank Baden-Wurttemberg (LBBW) բանկից մինչև 5 տարի ժամկետով նպատակային ֆինանսական միջոցների ներգրավմամբ: Գյուղատնտեսական տեխնիկայի առաքումները կավարտվեն մինչև 2013թ, գարուն, իսկ ֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի մոտ 1.4 մլն. եվրո:
Վերոհիշյալ նախագծի իրականացման ընթացքում 'Արդշինվեստբանկ' ՓԲԸ սերտորեն համագործակցել է 'ՔԱՐԴ Ագրոսերվիս' ՓԲԸ` Հայաստանում Ջոն Դիր ընկերության պաշտոնական ներկայացուցչի հետ: 'ՔԱՐԴ Ագրոսերվիս' ՓԲԸ հանդես է եկել որպես բանակցային գործընթացի համակարգող և անմիջական մասնակցություն է ունեցել նախագծի հետագա իրականացման ընթացքում:
Ներմուծվող գյուղատնտեսական տեխնիկան առանձնանում է բարձր արտադրողականությամբ և տրամադրվում է Բանկի գործող և պոտենցիալ հաճախորդներին` արդյունավետ զարգացող գյուղարտադրողներին, երկարաժամկետ լիզինգի պայմաններով:
'Արդշինինվեստբանկ' ՓԲԸ բարձր է գնահատում Հայաստանում գյուղատնտեսության զարգացման պոտենցիալը և նմանատիպ նախագծերի ֆինանսավորման միջոցով նպաստում է միջին բիզնեսի զարգացմանը այս ոլորտում:
Տեղեկատվություն John Deere (Ջոն Դիր) ապրանքանիշի մասին.
Ընկերությունը հիմնադրվել է ԱՄՆ-ում` 1837թ.: Այսօր Deere & Company հանդիսանում է ամենահաջողակ մեքենաշինական ընկերություններից մեկը և գյուղատնտեսական և ճանապարհաշինարարական տեխնիկայի խոշորագույն արտադրողը աշխարհում: John Deere ընկերությունը ներառված է Thomson Reuters գործակալության կողմից կազմված` 100 առաջատար գլոբալ իննովացիոն ընկերությունների 2012թ. ցանկում:
