'Արդշինինվեստբանկ' ՓԲԸ Տաշիր մասնաճյուղը այսուհետ իր գործունեությունը կծավալի նոր վերանորոգված հարմարավետ տարածքում, որը գտնվում է Լոռու մարզ, ք. Տաշիր, Երևանյան փողոց 5 թաղամաս թիվ 194 հասցեով:
Մասնաճյուղը տեղափոխվել է ավելի հարմարավետ տարածք, որը թե իր դիրքով, թե ժամանակակից ներքին և արտաքին հարդարմամբ բավարարելու է հաճախորդների բարեկիրթ սպասարկման այսօրվա պահանջներին:
2012թ. դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ մասնաճյուղի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը Բանկի և Լոռու մարզային իշխանությունների ղեկավարության մասնակցությամբ: Շնորհավորելով Տաշիր մասնաճյուղի հաճախորդներին և անձնակազմին նոր մասնաճյուղի բացման, ինչպես նաև գալիք տոների կապակցությամբ` Բանկի Վարչության նախագահի տեղակալ - Մանրածախ բիզնեսի տնօրեն Կարապետ Գևորգյանը նշեց, որ Տաշիր մասնաճյուղի բացումը 'Արդշինինվեստբանկ' ՓԲԸ մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների համալիր ծրագրի իրագործման մեկնարկն է, և հետագայում Բանկի բոլոր մասնաճյուղերը կարդիականացվեն և տեխնիկապես կվերազինվեն, ինչը հաճախորդների համար կստեղծի առավել հարմարավետ և արդիական սպասարկման միջավայր:

Բանկը 2013-2015 թվականների ընթացքում իր մասնաճյուղային ցանցի օպտիմիզացիայի արդյունքում ունենալու է լիովին վերանորոգված, Բանկի կողմից ընդունված չափորոշիչներին համապատասխանող մասնաճյուղային ցանց: