Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Արդշինինվեստբանկի վերանորոգված և բարեկարգված 'Մարտունի' մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունը:

Ժամանակակից և որակյալ տեխնիկայով հագեցված մասնաճյուղը պատրաստ է իր հաճախորդներին սպասարկել առավել հարմարավետ պայմաններում: Սա Արդշինինվեստբանկի Գեղարքունիքի մարզում առաջին վերանորոգված մասնաճյուղն է: Մարզի մյուս` ՙԿամո՚, ՙՍևան՚ և ՙՎարդենիս՚ մասնաճյուղերը նախատեսվում է վերանորոգել մոտ ժամանակներս:
ՙՄարտունի՚ մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Մարտունի էին մեկնել Բանկի Վարչության նախագահ Արամ Անդրեասյանը, Տարածաշրջանների տարածքային վարչության պետեր, դեպարտամենտի տնօրեններ, ստորաբաժանման ղեկավարներ:
Ինչպես իր ելույթում նշեց Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Արամ Անդրեասյանը, մասնաճյուղային ցանցի բարեկարգման, ժամանակակից տեխնիկայով համալրման, հաճախորդների և աշխատակիցների համար լավագույն պայմանների ապահովման ուղղությամբ տարվում են շարունակական աշխատանքներ:

Բարեկարգված մասնաճյուղերը, որակյալ և ժամանակակից բանկային ծառայություններ մատուցելուն ուղղված մեր բանկի որդեգրած քաղաքականության իրագործման հասարակությանը տեսանելի մասն է միայն: Մյուս` անվտանգության, ապահովության և հուսալիության ուղղությամբ տարվող գործընթացները, որոնք Բանկի ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են, նույնպես կատարելագործվում են և մոտեցվում միջազգային ժամանակակից ստանդարտներին:
Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունեցան նաև Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը և Մարտունիի քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, որոնք երկուսն էլ համոզմունք հայտնեցին, որ Արդշինինվեստբանկի պես վստահելի և հզոր բանկի գործունեությունը խթանում և նպաստում է տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն իրենց տարածաշրջանում: