Ամփոփելով 2010թ. գործունեության արդյունքները` Արդշինինվեստբանկում ընտրեցին տարբեր նոմինացիաներով սահմանված լավագույն աշխատակիցներին և լավագույն մասնաճյուղը:
Հանդիսավոր պայմաններում 2010թ. լավագույն մասնաճյուղ ճանաչված 'Մասիս' մասնաճյուղի կառավարիչ Դավիթ Միրզախանյանին հանձնվեց մրցանակային գավաթը: Հատկանշական է, որ լավագույն ճանաչված աշխատակիցները ներկայացնում են ոչ միայն Երևանը, այլ նաև Հայաստանի տարբեր տարածաշրջանները: Այսպես` Արդշինինվեստբանկի լավագույն գանձապահ է ճանաչվել Սեդա Բաբուռյանը 'Վանաձոր' մասնաճյուղից, լավագույն հաշվապահության մասնագետ-ադմինիստրատորը` Անահիտ Կիրակոսյանը 'Գյումրի' մասնաճյուղից, և մասնաճյուղի լավագույն վարկային մասնագետ` Գուրգեն Հայրապետյանը 'Եղեգնաձոր' մասնաճյուղից: Մյուս երեք նոմինացիաներին արժանացել են մայրաքաղաքը ներկայացնող մասնաճյուղերի աշխատակիցները` լավագույն կառավարիչ է ճանաչվել 'Մալաթիա' մասնաճյուղի կառավարիչ Կարեն Գյուլնազարյանը, մասնաճյուղի լավագույն գլխավոր հաշվապահ` 'Արաբկիր' մասնաճյուղի գլխավոր հաշվապահ Սուսաննա Շաբոյանը, և դրամական փոխանցումներ սպասարկող լավագույն օպերատոր` Հասմիկ Ասրյանը 'էրեբունի' մասնաճյուղից: Բոլոր նոմինանտներին հանձնվել են նաև դրամական պարգևներ:
Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը. 'Բոլոր յոթ նոմինացիաներում հաղթողներին ընտրելու համար մանրամասնորեն վերլուծվել են բոլոր մասնաճյուղերի 2010թ. աշխատանքների արդյունքները և կիրառվել է անհատական մոտեցում յուրաքանչյուր աշխատակցի կատարված աշխատանքի նկատմամբ: Իսկ նմանատիպ խրախուսական մոտեցումը մեր աշխատակիցների կատարած աշխատանքի նկատմամբ շարունակվելու է նաև հետագայում':