Արդշինինվեստբանկի ժամանակակից, հաճախորդների սպասարկման համար հարմարավետ, վերանորոգված և նորացված «Ջերմուկ» մասնաճյուղի վերաբացման արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 9-ին Ջերմուկ քաղաքում:
Արդշինինվեստբանկի «Ջերմուկ» մասնաճյուղը տեղակայված է Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, Գործարանային 1/2 հասցեում:
Մասնաճյուղի վերաբացմանը ներկա էին Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, Բանկի հաճախորդներ և ղեկավարներ:
Մհեր Գրիգորյանի խոսքով, նորացված «Ջերմուկ» մասնաճյուղի վերաբացումը վաճառքների ցանցի արդիականացմանը և ընդլայնմանն ուղղված համալիր միջոցառումների փուլերից մեկն է:
«Հատուկ ուշադրություն դարձնելով գործունեությանը մարզերում` Բանկի ղեկավարությունը մայրաքաղաքային մասնաճյուղերին զուգահեռ հավասարաչափ զարգացնում է նաև մարզային մասնաճյուղերը: Վերջին երկու տարիների ընթացքում վերանորոգվել և հաճախորդների սպասարկման ժամանակակից չափանիշներին են համապատասխանեցվել ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ Հայաստանի մարզերի բազմաթիվ մասնաճյուղեր: Մեզ համար ամենակարևորը բարձր չափանիշներին համապատասխանող ծառայությունների մատուցումն ապահովելն է:». - նշեց Մհեր Գրիգորյանը:
Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացման և լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաև մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Արդշինինվեստբանկի ֆիրմային ոճին:
Հիմնական ցուցանիշներով Արդշինինվեստբանկը ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկայումս Բանկի մասնաճյուղային ցանցը իր 55 մասնաճյուղերով խոշորագույներից է հանրապետությունում: